Ազատական տնտեսությունը սնանկացրեց արտադրողներին
АналитикаԱյն օրից, երբ կառավարությունն ազատականացրեց տնտեսությունը ու ամեն ինչ վաճառեց, պարզ դարձավ, որ երկիրը երկար ժամանակ էլ տնտեսություն չի ունենա: Եվ այդպես էլ եղավ: Հզոր գործարանների բանվորները փողոց նետվեցին, հաստոցները պարսիկները գնեցին ու արտահանեցին, և արտադրական հսկա կառույցները շատ արագ վերածվեցին հավաբների ու խոզանոցների: Մյուս կողմից էլ գյուղացու տունը կռիվ գցեցին: Կոլտնտեսությունները բաժան-բաժան արեցին, հողը կիսեցին, տվեցին գյուղացուն ու տուն գնացին: Հող ստացած գյուղացին շատ արագ հասկացավ, որ իշխանություններից նվեր ստացած հեկտարները միայնակ մշակելը, բերքը հավաքելն ու շուկա հասցնելն անհնար է: Ու սկսեց հեշտացնել իր գործն ու քանդել եղածը: Արդյունքում խաղողի հսկա այգիները վերածվեցին գարու արտերի: Գարին հարմար էր՝ առանձնապես խնամք չէր պահանջում, բացի այդ էլ, դրանով կովերը կուշտ կլինեին: Տարիներ անց էլ «պարզվեց», որ մարդիկ գարի չեն ուտում ու գարուց բացի այլ մթերք՝ կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, բողկ էլ է պետք մշակել, բայց սերմեր չկան: Չկայության դեմ պայքարի ճանապարհին ոտքի ելան վաճառականները ու սկսեցին մթերք ներմուծել: Տարիներ անց էլ պարզվեց, որ Հայաստան ներմուծվող գյուղմթերքի ամենամեծ խմբաքանակը Թուրքիայից է գալիս:
Արդյունքում՝ սեփական հողից սնվող գյուղացին աղքատացավ, առևտրականը հարստացավ: Գործարարների վարկածը, թե «առևտրատնտեսական հարաբերություններում քաղաքական խնդիրները չեն կարող խանգարող հանգամանք լինել», դարձավ իշխող, և խանութները լցվեցին թուրքական ապրանքներով: Պարզվեց, որ հայկական անուշահամ պտուղ-բանջարեղենն իր տեղը զիջել է թուրքական անհամ ապրանքին ու դեռ դա էլ բավական չէ, որոշ դեպքերում վտանգավոր նյութեր է պարունակում: Բարեբախտաբար, վերջին տարիներին Հայաստան ներմուծվող սննդամթերքը մաքսային ստուգման է ենթարկվում, և հույս կա, որ հայ սպառողները որոշ չափով ավելի պաշտպանված են, քան օրինակ՝ 20 տարի առաջ:
Բայց հետաքրքիրն այն է, որ մինչ օրս դեռ շարունակվում է այնպիսի ապրանքների ներմուծումը, որոնք վաղուց պետք է տեղում աճեցվեին: Ու հիմա էլ պարզ չէ, թե «ազատականացված տնտեսություն» ասվածում, որտեղ իրականում գլուխը չգիտի, թե ոտքերն ուր են գնում, աղքատացած գյուղացին որտեղից իմանա, թե ինչ ապրանք աճեցնի, որ կարողանա և՛ հարկերը տալ, և՛ եկամուտ ստանալ: Սա է իրականում «ազատական տնտեսական հարաբերություններ» ասվածի հայկական տարբերակի հետևանքը, մինչդեռ շատ զարգացած կապիտալիստական երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, տնտեսության մեջ պետության մասնաբաժինը որոշ դեպքերում կազմում է միչև 60%: Ու բնականաբար, զարգացած տնտեսություն ունեցող այդ երկրների իշխանությունները ոչ թե հարկերով ու տուրքերով քերթում են գործարարներին, այլ հակառակը, սատարում են: Ու քանի դեռ մեր տնտեսությունում ամեն ինչ շարունակվում է գլխիվայր մնալ, բնականաբար, հնարավոր չի լինի ո´չ տնտեսություն զարգացնել, ո´չ էլ տնտեսական աճի մասին երազել:
Արմինե Գրիգորյան