Հայկական բանակն իր անելիքը գիտի, սակայն... Կարինե Աճեմյան
ПолитикаԱյսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը խոսեց թերեւս ամենաարդիական թեմաներից մեկի՝ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի մասին:
«Ցավալիորեն պետք է արձանագրել, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն իրական քայլեր չի ձեռնարկում հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, այլ որդեգրել է առաջնագիծը մշտապես «տաք» պահելու վարքագիծ:
Հաշվի առնելով սահմանագծին ժամանակ առ ժամանակ դրսեւորվող կտրուկ սրացումներն ու էսկալացիոն զարգացումների ռիսկայնություն՝ ամիսներ առաջ նախաձեռնությամբ հանդես եկան Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը եւ ազդեցիկ դեմոկրատ անդամ Էլիոթ Ինգըլը:
Կոնգրեսականները առարկայական քայլեր էին առաջարկում իրավիճակի կտրուկ լիցքաթափման համար: Մասնավորապես՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի միջեւ համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում»,-ասաց պատգամավորը` նկատելով,-«Նախաձեռնության հեղինակներն ընդգծում էին, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը աջակցում են այս նախաձեռնություններին, Ադրբեջանը՝ ոչ:
Սա պարզորոշ կերպով ցույց է տալիս, որ միջազգային հանրության համար եւս տեսանելի է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, ինչը բանակցային գործընթացում դրսեւորվում է պայմանավորվածությունների չպահպանմամբ ու անհետեւողականությամբ, իսկ սահմանին՝ զինված դիմադրության ակտիվացմամբ:
Պայմանավորված ներքին անկայունությամբ եւ տնտեսական ճգնաժամով՝ Ադրբեջանում իշխանական էլիտայի հռետորաբանությունը, ինչպեսեւ սպասելի էր, կտրուկ կոշտացել է: Վերջին 2 տասնամյակի փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում Ադրբեջանի իշխանությունը, փորձելով քողարկել երկրում իշխանության համար տեղի ունեցող անցանկալի զարգացումները, իրադարձություններն, այսպես ասած, «տեղափոխում է» սահման, ինչը էականորեն սրում է իրավիճակն առաջնագծում:
Իր քաղաքական նպատակներն իրագործելու ճանապարհին Ադրբեջանի իշխանությունը ոչնչի առաջ կանգ չի առնում՝ որպես թիրախ ընտրելով նաեւ խաղաղ բնակիչների. վերջին դեպքը մի քանի շաբաթ առաջ էր, երբ ադրբեջանցի դիպուկահարների զոհը դարձավ արցախցի հովիվը, իսկ ավելի վաղ, իրենց տան առաջ ադրբեջանական սադրանքի զոհ էին դարձել Տավուշի մարզի երկու խաղաղ բնակիչ:
Հայկական բանակն իր անելիքը գիտի, սակայն ակնկալվում է, որ միջազգային հանրությունն, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օգտագործելով տրված մանդատը, հետեւողական ջանքեր կգործադրի Ադրբեջանի՝ էսկալացիային մղող գործողությունները կանխելու համար եւ հիմքեր կստեղծի Ադրբեջանին բանակցային սեղան տեղափոխելու համար»,- իր հայտարարությունը եզրափակեց Կ.Աճեմյանը:
Սոսե Չանդոյան