Վրաստանում կգործի երկու օպերատիվ հրամանատարություն՝ Արևմտյան ու Արևելյան. պաշտպանության նախարար
Международные новостиGeorgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում կգործի երկու օպերատիվ հրամանատարություն՝ Արևմտյան ու Արևելյան։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին՝ հավելելով, որ համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի ԱԱԽ-ի երեկվա նիստում։
Խիդաշելին լրագրողներին հայտնել է, որ արմատական բարեփոխումներ են իրականացվում Վրաստանի ՊՆ-ում ու զինված ուժերում: «Մեր նպատակն այն է, որ Վրաստանի զինված ուժերը լինեն առավել շարժունակ, մարտունակ և համատեղելի ՆԱՏՕ-ի համակարգի հետ։ Վաղը նախագահը կստորագրի որոշումը, որի համաձայն՝ Վրաստանում կգործի երկու օպերատիվ հրամանատարություն՝ Արևելյանն ու Արևմտյանը»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ դա հնարավորություն կտա, որ հրամանատարության ներքին կառույցները հստակեցվեն պաշտպանության նախարարության հրամանով։
Խիդաշելին հայտարարել է, որ ունի մեկ ամիս ժամանակ՝ բարեփոխումն ավարտելու համար։