Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում
Международные новостиԹուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) եւ իշխանական «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) ներկայացուցիչների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, CHP-ից պատգամավորները AKP-ից իրեն գործընկերներին մեղադրել են այն բանում, որ վերջիններս չեն ճանաչում լրագրողներ Ջան Դունդարին եւ Էրմեն Գուլին ազատելու մասին դատարանի որոշումը:
Խորհրդարանականների միջեւ փոխադարձ մեղադրանքներն արագորեն վերածվել են ծեծկռտուքի: Պատգամավորներին բաժանել է միջադեպին միջամտած խորհրդարանի անձնակազմը:
«Ջումհուրիեթ» թերթի լրագրողներ Ջան Դունդարին ու Էրմեն Գուլին իշխանությունները մեղադրում են այն բանում, որ վերջիններս հրապարակել են Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության կողմից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկներին զենք եւ սպառազինություն ուղարկելու ապացույցներ պարունակող տեսանյութ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի ճանաչում լրագրողներին ազատ արձակելու մասին Սահմանադրական դատարանի որոշումը, որը վերջիններիս գործողությունը դիտարկել է խոսքի ազատության շրջանակում: Լրագրողների կողմից այդ տեսանյութի հրապարակումը Էրդողանը «լրտեսություն» է բնութագրել:
«Ոչ միայն համաձայն չեմ Սահմանադրական դատարանի այդ որոշմանը, այլ նաեւ չեմ հարգում այն», -ասել էր Էրդողանը:
Էրդողանի այդ հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել թուրքական խորհրդարանում եւ հասարակության մեջ: