Մերկելը ճիշտ է համարում միգրացիոն ճգնաժամի հաղթահարման իր քաղաքականությունը
Международные новостиԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճիշտ է համարում միգրացիոն ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ մինչ այժմ ձեռնարկված միջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, նա փետրվարի 28-ի երեկոյան հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:
Պատասխանելով հաղորդավարի հարցին՝ հարկավոր չէ արդյոք փոխել քաղաքականությունը, Մերկելը պատասխանել է. «Ոչ: Որովհետեւ ես խորապես համոզված եմ, որ մեր բռնած ուղին ճիշտ է»: Կանցլերը նաեւ հայտարարել է, որ ինքը միգրացիոն ճգնաժամի հաղթահարման ոչ մի այլ ծրագիր չունի:
«Խնդրի լուծման համար ժամանակ է անհրաժեշտ: Ես հասկանում եմ, որ շատ մարդիկ անհամբեր են: Այո, սա դժվարին ուղի է,- ասել է կառավարության ղեկավարը:- Սա մեր պատմության շատ կարեւոր փուլն է»: Ընդսմին նա նշել է, որ «խնդիրները հարկավոր է լուծել այնպես, որ մենք պահպանենք մեր արժեքները»:
Միեւնույն ժամանակ ոչ ոք չպետք է կարծի, որ «սահմանների միակողմանի փակումը կլուծի խնդիրը»,-ասել է Մերկելը: Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ն չի կարող բախտի քմահաճույքին թողնել Հունաստանին՝ Աթենքին միայնակ թողնելով փախստականների ներհոսքի դեմ պայքարում:
Կանցլերն ասել է, որ «սերտ շփում» է պահպանում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:
Մերկելը նախազգուշացրել է միակողմանի միջոցառումներից եւ ԵՄ-ի ներսում ազգային սահմանների փակումից: «Դա հենց այն է, ինչից ես այժմ վախենում եմ: Դա իմ Եվրոպան չէ»,- ընդգծել է Մերկելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: