Թուրքիան պաշտոնապես Ռուսաստանին հանել է «բարեկամների» ցուցակից
Международные новостиԹուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ դիմակայությունը շարունակում է մեծանալ: Այն նույնիսկ հասել է Թուրքիայի խորհրդարան:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, թուրքական խորհրդարանում ստեղծված միջխորհրդարանական բարեկամական խմբերի շարքում Ռուսաստանն ընդգրկված չէ:
Ռուսաստանից բացի, բարեկամական խմբեր չեն ստեղծվել նաեւ Սիրիայի, Իսրայելի եւ Եգիպտոսի հետ: Թուրքական խորհրդարանում ստեղծված բարեկամական խմբերի երկրների մեջ կա նաեւ Պաղեստինի ինքնավարությունը:
ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները խիստ լարվել են, երբ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել էր ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին: Թուրքիայի ղեկավարության կողմից ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու բոլոր ձեռնարկումները Մոսկվայի կողմից անպատասխան են մնում: