Ադրբեջանում ինքնասպանությունների վիճակագրություն չի անցկացվում
Международные новости2011 թվականից սկսած` Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը մեծացել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է հոգեբան Ազադ Իսազադեն` պատասխանելով Ադրբեջանում վերջին շրջանում հաճախակի դարձած ինքնասպանության դեպքերի մասին հարցին:
Հոգեբանի խոսքով` Ադրբեջանում վերջին մեկ տարում ստեղծված տնտեսական ճգնաժամն ավելի է մեծացնում ինքնասպանություն գործելու ռիսկը:
«Ավելի վաղ ռիսկի խումբ մտնում էին անչափահասները եւ 55-60 տարեկան մարդիկ: Այժմ ի հայտ է եկել վարկերի հետ կապված խումբ», -ասել է նա:
Իսազադեն նաեւ նշել է, որ ամենաշատ ինքնասպանություններ տեղի են ունենում տվյալ խմբի ներկայացուցիչների մեջ: Նրա խոսքով` սոցիալական խնդիրներն ավելի են խորացնում այդ խնդիրը:
«Ցավոք, ինքնասպանությունները կանխելու համար որեւէ միջոց չի ձեռնարկվում: Մենք այդ հարցով զբաղվող կենտրոն կամ հաստատություն չունենք: Վիճակագրություն չի անցկացվում, մենք չգիտենք՝ ինչպիսին է վիճակը շրջաններում: Իրական հետազոտություններ չկան, մենք կարող ենք հաշվել միայն այն, ինչ տրամադրում է մամուլը: Մենք տեղեկություն չունենք նաեւ ինքնասպանության պատճառների ու բնույթի մասին», -հավելել է ադրբեջանցի հոգեբանը:
Ադրբեջանում ինքնսպանութունների թիվը վարկերի պատճառով մեծանալու մասին հայտնում է նաեւ modern.azլրատվական կայքը` նշելով, որ դա կապված է այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը մեծացել է:
Կայքը հայտնում է, որ վարկերը վճարել չկարողացողների մեջ ավելի մեծացել է քացախաթթու խմելով ինքնասպանության դիմողների թիվը:
Ադրբեջանի առողջապահության նախարարության կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանության բաժանմունքի ղեկավար Ազեր Մաքսուդովը կայքին հայտնել է, որ այս տարվա առաջին ամսվա ընթացքում թունավորման ախտանիշով 65 հիվանդ են ունեցել, որոնց մեծ մասը՝ քացախաթթվով թունավորմամբ: Նա խուսափել է նշել թունավորումից մահացածների թիվը:
Ադրբեջանի առողջապահության նախարարության հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, Ադրբեջանի բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ֆուադ Իսմայիլովը «Թրենդ»-ին հայտնել է, որ Ադրբեջանում տղամարդիկ 3-4 ավելի հաճախ են ինքնասպանության դիմում, քան կանայք:
«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է. «Ինչքա/ն սա պետք է շարունակվի: Ինչպես երեւում է` բանկերին բոլոր պարտք ունեցողների ինքնասպանությունից հետո Ադրբեջանում ոչ պարտք ունեցող կմնա, ոչ էլ ինքնասպանության դիմողներ»:
Ադրբեջանում 2,5 մլն-ից ավելի մարդ պարտք է բանկերին: Մանաթի փոխարժեքի գրեթե երկու անգամ արժեզրկվելու պատճառով նրանց մեծ մասը չի կարողանում մարել պարտքերը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` այս տարվա ընթացքում այդ երկրում արդեն 65 ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնց մեծ մասը բանկերին ունեցած պարտքերը վճարել չկարողանալու պատճառով: 9 մարդ ինքնահրկիզվել է, ինքնասպանության է դիմել 4 անչափահաս:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 1, հարազատների՝ միմյանց սպանության 9, ամուսինների՝ միմյանց սպանության 3, զավակի սպանության 2 դեպք է տեղի ունեցել
2015 թվականի ընթացքում Ադրբեջանում 300-ից ավելի ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 14-ն անչափահասներ են եղել:
2015 թվականի ընթացքում Ադրբեջանում քաղաքացու ինքնահրկիզման դիմելու 19 դեպք է տեղի ունեցել, որից 11-ը մահվան ելքով ավարտ են ունեցել: