ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը Բաքվում է
Международные новостиՌուսաստանի Դաշնության վարչապետի առաջին տեղակալ Դմիտրի Ռոգոզինն անակնկալ այցով գտնվում է Բաքվում:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելովreport.az լրատվական կայքը, այս մասին այսօր նա գրել է Facebook-ի իր էջում:
Ռուսաստանյան «Կոմերսանտ»-ը` հղում կատարելով զենքի արտահանման հետ կապված աղբյուրներին, հայտնում է, որ Ռոգոզինը Բաքվում պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ քննարկի երկու երկրների միջեւ ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր:
Թերթը հայտնում է, որ Ռոգոզինին զուգահեռ Բաքու կայցելեն նաեւ Ռուսաստանի «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության, ինչպես նաեւ Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարությունների ներկայացուցիչները:
Ըստ թերթի աղբյուրների` այցը «հատուկ բնույթ» է կրում եւ նախապես ծրագրված չի եղել: Որպես պատճառ նշվում է «արտահանման պայմանագրերի հետ կապված ստեղծված դժվարությունները բարձր մակարդակով լուծելու» անհրաժեշտությունը:
Ըստ report.az-ի` ենթադրվում է, որ տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանը չի կարողանում վճարել պատվիրած եւ արդեն մատակարարված տեխնիկայի դիմաց, եւ Ռոգոզինը Բաքու է այցելել այդ հարցը հարթելու համար:
Նշվում է, որ Ռոգոզինն ու նրա պատվիրակությունը նախ պետք է հանդիպեն Ադրբեջանի ՊՆ զինվորականների, փոխվարչապետ եւ Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի իր գործընկեր Յագուբ Էյուբովի, իսկ հետո` Ալիեւի հետ: