ԱՄՆ-ի Կոնգրեսում լրջության պակաս են տեսնում ԻՊ-ն ոչնչացնելու Օբամայի գործողություններում
Международные новостиՍպիտակ տունն անլուրջ մոտեցում ունի «Իսլամական պետություն» խմբավորումը ոչնչացնելու նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, այս կարծիքը հայտնել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի նախագահ հանրապետական Մեք Թոռնբերին մի խումբ լրագրողների համար կայացած բրիֆինգի ժամանակ: Նրա խոսքը մարտի 4-ին փոխանցել է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակվում է նախագահին՝ ԻՊ-ի դեմ ռազմական ուժի կիրառման պաշտոնական թույլտվություն տրամադրելու հարցի քննարկումը: Թոռնբերին դժգոհել է, որ Բարաք Օբաման չունի ահաբեկիչների ոչնչացման հանգամանալի ծրագիր: «Ինչու ես պետք է գլխավոր հրամանատարին թույլատրեմ ռազմական ուժ կիրառել, երբ նա անլուրջ է վերաբերվում իր խնդիրների կատարմանը»,- հավելել է նա:
Պրոֆիլային կոմիտեի ղեկավարը դժվարացել է հայտնել, թե երբ Կոնգրեսը միասնական կարծիքի կգա այդ հարցի շուրջ: «Ես չգիտեմ՝ ինչպիսին կլինի արդյունքը»,- ասել է Թոռնբերին: