Տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանը շարունակում է միավորել պետական կառույցները
Международные новостиՆավթի գնանկման եւ մանաթի փոխարժեքի 2 անգամից ավելի արժեզրկման արդյունքում խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պետական կոռույցներում կրճատումները ու միմյանց միավորելու գործընթացը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ մոտ օրերին Սփյուռքի հետ աշխատանքի գծով պետական կոմիտեն կմիավորվի Ադրբեջանի արտգործնախարության հետ: Այսինքն` կոմիտեն այսուհետեւ պետք է գործի ոչ թե որպես առանձին պետական կառույց, այլ` ԱԳՆ-ի կազմում վարչության կագավիճակով:
Ադրբեջանում պետական մարմինների նման միավորումները ներկայացվում են որպես «բարեփոխումներ», սակայն, իրականում 2016 թվականի համար նախորդ տարիներին համեմատ պետբյուջեն երկու անգամ կրճատած ադրբեջանական կառավարությունը փող խնայելու համար իր այդ քայլերով ցանկանում է կրճատել պետական ապարատում զբաղվածների թիվը:
Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի` լողացող փոխարժեքի անցնելու հետեւանքով ամերիկյան դոլարի նկատմամբ նրա` գրեթե երկու անգամ արժեզրկվելու հետ կապված բոլոր ապրանքների` այդ թվում սննդամթերքի գների 50 տոկոսից ավելի աճից հետո երկրի ամբողջ տարածքում թանկացումների դեմ սկսված բողոքի զանգվածային ակցիաները ցնցել են նավթադոլարների առատությունից շփացած Ադրբեջանի քաղաքական իշխանությանը: Երկրում աշխատատեղերի զանգվածային կրճատումներ եւ գործազրկություն է, փակվել են մեծ թվով ձեռնարկություններ եւ բանկեր:
Ադրբեջանական մանաթի աննախադեպ արժեզրկման արդյունքում այդ երկրում ծայրահեղ վատացել է սոցիալ-տնտեսական դրությունը, ինչը երկրի շրջաններում զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել: Որոշ տվյալներով` Բաքվի «սեւ շուկայում» ամերիկյան մեկ դոլարը վաճառվում է արդեն 3-4 մանաթով:
Ադրբեջանը 2016 թվականի կրճատված բյուջեի միջոցները փորձում է տնտեսել նաեւ փակելով որոշ դեսպանատներն ու դեսպաններին ետ կանչելով:
Minval.az-ն ավելի վաղ հայտնել էր, որ մանաթի վերջին արժեզրկումից հետո (պաշտոնապես մեկ դոլարը հավասար է 1,61 մանաթի) մի շարք խոշոր տուրիստական ընկերություններ, օրինակ` Ulduz Travel, Etna Travel եւ SB Travel, արդեն փակվել են:
Report.az կայքը հայտնում է, որ Ադրբեջանի կրթության փոխնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկայում կշարունակվեն որոշ բարձրագույն կրթական հաստատությունների փակվելու կամ միավորվելու գործընթացները:
Նավթի համաշխարհային գների անկումը սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մոտ 17 բանկ փակվել է, իսկ միայն այս տարվա ընթացքում փակվել է 8 բանկ:
Միջազգային Fitch Ratings եւ Standart & Poor`s վարկանիշային գործակալություները Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան եւ ազգային արտարժույթներով «BBB-» մակարդակից իջեցրել է մինչեւ «BB+» «աղբային» մակարդակի:
Ադրբեջանի վարկային վարկանիշը փետրվարի սկզբին մեկ մակարդակով` ներդրումայինից ցածր` «Ba1» մակարդակի իջեցրել է նաեւ Mood`s վարկանիշային գործակալությունը: Դա նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: