Հայաստանի քրդերը դատապարտում են Մերձավոր Արևելքում և Թուրքիայում քուրդ կանանց նկատմամբ բռնությունները
Международные новостиՀայաստանի քուրդ կանայք դատապարտում են Մերձավոր Արևելքում և Թուրքիայում քուրդ կանանց նկատմամբ բռնություններն ու կոտորածը: Մարտի 9-ին Երևանի Ս. Շահումյանի անվան հրապարակում քուրդ կանայք բողոքի ակցիա անցկացրեցին ի պաշտպանություն Մերձավոր Արևելքի և Թուրքիայի քուրդ կանանց:
Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի քրդական համայնքի կանայք հավաքվել են և դատապարտում են Մերձավոր Արևելքում և Թուրքիայում կանանց կոտորածները: «Այսօր ոճրագործություն է իրագործվում և կանանց, և ընդհանրապես քուրդ ժողովրդի նկատմամբ: Այսօրվա բողոքի ակցիան էլ այդ ամենը դատապարտելու մի ձև է: Մենք դատապարտում ենք այդ ոճրագործությունները, որոնք կատարվում են քուրդ կանանց նկատմամբ: Արդեն 6-7 ամիս Թուրքիայում ք ուրդ ժողովրդին կոտորում, այրում են, կանանց բռնաբարում, մերկացնում ու նետում են փողոց, որպեսզի մյուսներն ահ ու սարսափի մեջ լինեն, վախենան ու չմասնակցեն բողոքի ակցիաներին»,- ասաց Հասանովը:
Նա ընդգծեց, որ վերջին 6-7 ամիսներին Թուրքիայում 5-6 հազար քուրդ է սպանվել, իսկ կոտորածները դեռ շարունակվում են: «Օրինակ՝ Ջզիրե քաղաքում հիմա ավերածություններ են: Տանկերով կրակում են, ավերում քաղաքը, ժողովրդին տեղահանում են, սպանում են: Մենք նման ակցիաներով դիմում ենք նաև միջազգային հանրությանը, որ թողնեն իրենց շահերն ու օգնեն քուրդ ժողովրդին: Նրանք խոսում են ժողովրդավարությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից, սակայն ոչ մի բան չեն անում: Ոչ ոք չի խոսում քրդերի կոտորածների մասին: Սա ցույց է տալիս, որ գերտերությունները միջամտում են այնքանով, որքանով դա բխում է իրենց շահերից»,- եզրափակեց Հասանովը:
Հայաստանի քուրդ կանայք նաև հայտարարություն են տարածել, որում փաստում են, որ քուրդ ժողովրդի պատմության մեջ շատ ականավոր պայքար են մղել: Քրդստանի չորս հատվածներում քուրդ կանայք պայքարի դրոշ են պարզել, որին միանում են նաև Հայաստանի քուրդ կանայք: «Մենք դատապարտում ենք կնոջ նկատմամբ բոլոր տեսակի բռնություններն ու ոտնձգությունները: Փառք աշխարհի կանանց, այդ թվում՝ քրդուհիների ազատության համար մղվող պայքարին»,- ասված է հայտարարության մեջ: