Սավչենկոյին Ուկրաինային փոխանցելու հարցը կքննարկվի դատական վճռի կայացումից հետո. ՌԴ ԱԳՆ
Международные новостиՈւկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոին Ուկրաինային փոխանցելու հարցը Ռուսաստանի իշխանությունների օրակարգում չի հայտնվի մինչև դատարանի կողմից վճռի կայացումը:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:
«Ինչպիսի ճնշումներ էլ գործադրվեն ռուսական արդարադատության նկատմամբ, թեկուզ ռուսական հանրային կարծիքի կողմից, այնուամենայնիվ, պետք է վճիռ կայացվի»,- ասել է Զախարովան:
Մեկնաբանելով Վաշինգտոնից հնչող այն հայտարարությունը, թե Սավչենկոյի ազատազրկումը հակասում է Մինսկի պայմանավորվածություններին` ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցրել է, որ. «Մինսկի պայմանավորվածություններն առնչվում են Ուկրաինայի ներսում հակամարտող երկու կողմերին: Խոսքը պաշտոնական Կիևի և Դոնբասի մասին է: Եվ վերջ: Վերջակետ»:
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը երեկ հայտարարել է, որ մեկ ամսվա ընթացքում կպատասխանի ՌԴ-ում ազատազրկման մեջ գտնվող ուկրաինացիներին այդ երկրին փոխանցելու Ուկրաինայի կողմից ուղարկված դիմումին: