Լիբանանի վարչապետը չի բացառել հրաժարականը՝ աղբի ճգնաժամի պատճառով
Международные новостиԼիբանանի վարչապետ Թամամ Սալյամը հայտարարել է, թե հնարավոր է հրաժարական տա, եթե առաջիկա օրերին երկրում աղբահանության հետ կապված ճգնաժամը չլուծվի:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, վարչապետը ստեղծված ճգնաժամի պատասխանատուն է համարել երկրի բոլոր քաղաքական ուժերին:
Հուլիսին Լիբանանի իշխանությունները փակել էին երկրի հիմնական աղբավայրը, և հենց նույն օրն ավարտվել էր պետական պայմանագիրը «Սուքլին» ընկերության հետ, որը պատասխանատու էր մաքրության և աղբահանության համար:
Արդյունքում Բեյրութի և երկրի այլ քաղաքների փողոցները լցվել էին աղբով և երկիրը հայտնվել էր էկոլոգիական ճգնաժամի եզրին:
Բեյրութի կենտրոնում բազմահազարանոց բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել, ինչը վերածվել էր ոստիկանության հետ բախումների:
Այս շաբաթ քաղաքացիական շարժման մի խումբ ակտիվիստներ դարձյալ ցույցի էին դուրս եկել Բեյրութի փողոցներ: Ցուցարարները մայրաքաղաքի կենտրոնում՝ կառավարության շենքի մոտ, վրաններ էին տեղադրել ու նախարարներից պահանջում էին կոնկրետ որոշում կայացնել: