Ադրբեջանը ծրագրում է գազ գնել Ռուսաստանից
Международные новостиԱդրբեջանի պետական նավթային հիմնադրամը` SOCAR-ը ծրագրում է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունից 3 մլրդ խմ գազ գնել:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հայտարարել է SOCAR-ի նախագահ ՌովնագԱբդուլլաեւը:
«Մեզ այդ գազը պետք է, որպեսզի այն ներմղենք նավթաշերտեր` նավթի կայուն արդյունահանումն ապահովելու համար: Բացի այդ, մեր գազապահեստարանների ծավալը կազմում է 5 մլրդ խմ, եւ մենք ուզում ենք ստուգել դրանց առավելագույն բեռնավորումը: SOCAR-ը ծրագրում է Ռուսաստանից 3 մլրդ խմ գազ գնել: Մենք արդեն «Գազպրոմ»-ին ներկայացրել ենք մեր առաջարկները», -ասել է նա:
SOCAR-ի ղեկավարը հայտնել է, որ միաժամանակ բանակցություններ են վարում նաեւ իրանական կողմի հետ:
«Խոսքը գազի կուտակման գործողութունների մասին է: Մենք ցանկանում ենք գազ կուտակել պահեստներում, իսկ ձմռանը մատակարարել Իրանի հյուսիսային շրջաններ», -ասել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախկին վարչապետ, իսկ այժմ «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը, անդրադառնալով եվրոպական շուկայում ռուսաստանյան գազին Ադրբեջանի մրցակից դառնալու հարցին, Բաքվում հայտարարել էր. «Ինչ է Ադրբեջանը: Նա այժմ մեզնից տարեկան 2 մլրդ խմ գազ է գնում: Մենք այդ մասին Բաքվի հետ մինչեւ 2025 թվականը պայմանագիր ունենք»:
Զուբկովը նաեւ հավելել էր, որ Ադրբեջանին չի փրկի նաեւ «Շահդենիզ» գազի հանքահորի գործարկումը Անդրադրիատիկ գազատարով (TAP) Եվրոպա գազ հասցնելու համար:
«Դա դեռ պետք է լինի 2020 թվականին: Իսկ մինչ այդ, ինչպես ասում են, դեռ պետք է ապրել», -ասել էր նա: