Անվտանգության տեսանկյունից Թուրքիան լրջագույն ճգնաժամի մեջ է. Արա Պապյան
Международные новостиԱնվտանգության տեսանկյունից Թուրքիան լրջագույն ճգնաժամի մեջ է:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` անդրադառնալով վերջին մի քանի ամսում Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին:
«Վերջին ամիսներին երեք պայթյուն է գրանցվել Անկարայում: Այս իրադարձությունները բավականին լուրջ են, երկար ժամանակ նման բան չէր եղել և կարծում եմ, որ շարունակական բնույթ կունենան: Թուրքերն այսօր խոստացել են մատնանշել մեղավորներին», - նշեց Արա Պապյանը:
Անդրադառնալով միգրանտների խնդրին` քաղաքագետը նշեց, որ Թուրքիան Եվրոպայի հետ առևտրի մեջ է մտել և գնալով մեծ գումարներ է պահանջում միգրանտների հոսքը դեպի Եվրոպա փակելու համար: Ըստ նրա` արդեն խոսվում է 20 մլրդ դոլարի մասին:
«Նախ եթե խոսում ենք միգրացիոն հոսքերի մասին, առանձին չենք կարող դիտարկել, անպայման ընդհանուր պատկերը պիտք է տեսնենք՝ Միջին Արևելքի քաղաքական, ռազմական իրավիճակի հետ միասին: Միգրացիան հետևանք է, այլ ոչ թե բուն պատճառ: Չեմ կարծում, որ Եվրոպան բարյացակամ կգտնվի Թուրքիայի նկատմամբ, նրանք շատ լավ հասկանում են, որ եթե Թուրքիային զիջեն, ապա նա ավելին կպահանջի», - ասաց Պապյանը:
Արա Պապյանը խոսեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստան կատարած աշխատանքային այցի մասին՝ նշելով, որ հանրապետության նախագահի այս աշխատանքային այցը դիտարկում է որպես Ռուսաստանի կողմից իր հետագա քայլերը հստակեցնելուն ուղղված միջոցառում:
«Եվրասիական տնտեսական միության և անգամ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից որևէ մեկը, բացի Հայաստանից, չպաշտպանեց Ռուսաստանին: Անգամ ղազախներն ու բելառուսները բավական չեզոք դիրք էին գրավել: Ղազախները նույնիսկ ավելի պրոթուրքական հայտարարություններ արեցին... Ես չեմ կիսում այն միտքը, որ մենք պետք է չեզոք դիրքում լինենք: Մենք ունենք ռուսական ռազմաբազա, ունենք փոխօգնության և փոխադարձ պաշտպանության պայմանագրեր»,-հավելեց Արա Պապյանը:
Թուրքիայում նման գործողությունները շարունակական բնույթ կկրեն: