Անկարայում Ալիեւը Էրդողանի հետ կքննարկի գազային նախագծերի հարցը
Международные новостиԱնկարայում մարտի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից հետո, որի հետեւանքով 37 մարդ սպանվել 125 մարդ վիրավորվել են, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մարտի 15-ին Բաքու կատարելիք այցն արդեն երկրորդ անգամ հետաձգվելու պատճառով, Անկարա է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը` վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 5-րդ նիստին մասնակցելու համար Էրդողանը Բաքու պետք է ժամաներ դեռեւս փետրվարին, սակայն, նրա այցը հետաձգվել էր դրա նախօրեին Անկարայում 29 մարդու կյանք խլած ահաբեկչություն տեղի ունենալու պատճառով:
Նշվում է, որ Անկարայում Էրդողան-Ալիեւ դեմ առ դեմ հանդիպումից հետո, որի ժամանակ կողմերը կքննարկեն ադրբեջանական գազը Անդրանատոլիական (TANAP) եւ Անդրադրիատիկ (TAP) գազատարներով Թուրքիա եւ Եվրոպա փոխադրելու նախագծերի ֆինանսավորման հետ կապված հարցեր, աշխատանքը կսկսի Թուրքիա-Ադրբեջան համագործակցության 5-րդ նիստը:
Էրդողանի Բաքու այցն արդեն երկրորդ անգամ հետաձգվելուց հետո Ալիեւի` Անկարա մեկնելու որոշումը թուրքական ԶԼՄ-ները գնահատել են որպես «մեծ ժեստ»: