Սամբուլում պայթյունից տուժածների մեջ 12 արտասահմանցի քաղաքացիներ կան
Международные новостиՍտամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայի հետ հատվող Բալո փողոցում մարտի 19-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից տուժածների մեջ 12 արտասահմանցի քաղաքացիներ կան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, լրագրողներին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն:
Նա ասել է, որ բոլոր զոհվածները Թուրքիայի քաղաքացիներ են:
«Պայթյունի արդյունքում վիրավորվել է 36 մարդ: Նրանցից 7-ի վիճակը ծանր է, իսկ 4 վիրավորներին ներկայում վիրահատում են», -նշել է թուրք նախարարը:
Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը ԶԼՄ-ներին հայտնել է, որ մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետեւանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում` պայթյունն իրագործած մահապարտը:
CNNTurk-ն ավելի վաղ հայտնել էր, որ վիրավորներից 10-ը ոստիկանության աշխատակիցներ են: Թուրքական «Միլիեթ» թերթը հայտնել է, որ վիրավորներից երեքը Իսրայելի քաղաքացիներ են:
Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ ենթադրաբար Ստամբուլի պայթյունն իրագործել է քրդական խմբավորումների հետ կապ ունեցած անձը:
Նման ահաբեկչական գործողություն մարտի 13-ին տեղի էր ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, որի արդյունքում 37 մարդ զոհվել, 125 մարդ էլ վիրավորվել էին:
Անկարայում վերջին 5 ամիսների ընթացքում 3 ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել: Առաջին ահաբեկչությունը տեղի էր ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ: Այն ժամանակ մահացել էին 109 քաղաքացիներ: Երկրորդ պայթյունն իրագործվել էր այս տարվա փետրվարի 17-ին, որը խլել էր 29 քաղաքացիների կյանք: