Փհուկետ-Մոսկվա չվերթն ուղեւորի կասկածների պատճառով հետաձգել են
Международные новостиNordwind Airlines ավիաընկերության Փհուկետ-Մոսկվա չվերթն ուղեւորի կասկածների պատճառով 6 ժամով հետաձգել են: Այս մասին հաղորդում է Phuket News-ը:
Օդանավի 369 ուղեւորներից մեկը հրաժարվել է թռչել: 25-ամյա Ալեքսանդր Նոսովը հայտարարել է, որ իրեն անվտանգ չի զգում: Բոլոր ուղեւորներին տարհանել են, ինչից հետո օդանավակայանի անվտանգության ծառայությունը կրկին ստուգել է ինքնաթիռի սրահն ու բեռները, սակայն կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել:
Ըստ Reuters-ի, Փհուկետի օդանավակայանը սպասարկող ընկերության ներկայացուցիչը նշել է, որ Նոսովը հայտարարել է. «Եթե ես թռչեմ այս օդանավով, այն անվտանգության մեջ չի լինի»: Դրանից հետո ռուսաստանցուն ոստիկանության բաժանմունք են տարել: Առայժմ նրան ոչ մի մեղադրանք չի առաջադրվել:
ՌԲԿ-ի փոխանցմամբ, այսօր 140 ուղեւորներից 50-ը հրաժարվել է FlyDubai ավիաընկերության օդանավով Դոնի Ռոստովից Դուբայ մեկնել: Դա տեղի է ունեցել մարտի 19-ին այդ ավիաընկերության՝ Դուբայ-Դոնի Ռոստով չվերթն իրականացնող օդանավի կործանումից հետո: Օդանավում 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ կար: Բոլորն էլ զոհվել են: