Ղրիմի պատճառով Մաքֆոլը Twitter-ի օգտատերերին հիշեցրել է Կալինինգրադի պատկանելության մասին
Международные новостиՌուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը Twitter-ում իր բաժանորդների հետ վիճաբանել է Կալինինգրադի պատկանելության շուրջ:
Քննարկումը սկսվել է նրանից, որ @VeraVanHome անունով օգտատերը հայտարարել է, որ Ղրիմը ռուսական է եղել դեռեւս այն ժամանակներում, երբ ամերիկյան հիմնադիր-հայրերը նոր էին ստեղծում Միացյալ Նահանգները: Ի պատասխան՝ դիվանագետը հիշեցրել է, որ Կալինինգրադը գերմանական է եղել դարեր շարունակ (այն ժամանակ կոչվում էր Քյոնիգսբերգ): «Արդյո՞ք դա նշանակում է, որ Գերմանիան իրավունք ունի այժմ բռնազավթել Կալինինգրադը»,- հարցրել է ամերիկացի դիվանագետը:
Ըստ lenta-ի, նախկին դեսպանի բաժանորդներն արագորեն միացել են քննարկմանը՝ հիշեցնելով, որ Թեխաս նահանգը նախկինում մեքսիկական տարածք է եղել: Այնուհետեւ հարց է հնչել, թե ինչ պետք է անել Դանցիգի եւ Բրեսլաուի պարագայում (ներկայում Լեհաստանին պատկանող Գրանսկ եւ Վրոցլավ քաղաքների գերմանական անունները):
«Արդյո՞ք հարկավոր է դրանք էլ վերադարձնել Գերմանիային»,- գրել է @VeraVanHome-ը, ինչին դիվանագետը պատասխանել է. «Իհարկե՝ ոչ: Բայց, ձեր տրամաբանությամբ, այո»:
Կալինինգրադը մինչեւ 1946 թվականը կոչվում էր Քյոնիսբերգ եւ 1773-1945 թվականներին Արեւելյան Պրուսիայի կենտրոնն էր: 1945 թվականին Պոտսդամի համաժողովի ընթացքում Պրուսիան դադարեց գոյություն ունենալ որպես պետական կազմավորում, իսկ արեւելյան Պրուսիան միմյանց միջեւ բաժանեցին ԽՍՀՄ-ն ու Լեհաստանը: