Ապրիլի 24-ին Թեհրանում դեպի Թուրքիայի դեսպանատուն բողոքի երթ կկազմակերպվի
Международные новостиԹեհրանում ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հայկական համայնքը նախատեսում է անցկացնել բողոքի երթ: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի հանրային կապերի ղեկավար Գասպար Ամիրխանյանը:
«Երթը սկսվելու է Ազգային առաջնորդարանի մոտից: Այնտեղ է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Այդտեղ ծաղիկներ կխոնարհենք, հարգանքի տուրք կմատուցենք, այնուհետև եկեղեցում կմատուցվի պատարագ, որից հետո երթով կշարժվենք դեպի Իրանում Թուրքիայի դեսպանատուն, որտեղ էլ կներկայացնենք մեր նամակը»,-ասաց Գասպար Ամիրխանյանը: Նրա խոսքով, այս տարի նախատեսվում են տարբեր միջոցառումներ` փորձելով ներգրավել Իրանի մտավորականությանը, իշխանության տարբեր մակարդակի գործիչներին:
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը իրանահայության համար միշտ եղել է առաջնահերթ խնդիր: Տարվա ընթացքում պարբերաբար աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: «Հուսկ» հաստատությունն իրականացնում է ուսումնասիրություններ, պարսիկ մտավորականության լայն շրջանակը հոդվածներ է հրապարակում: Պարսկերենով հանդես է լույս տեսնում, որտեղ պարբերաբար անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության թեմային: Տեղեկատվական դաշտում ակտիվ աշխատանք է տարվում, բայց, կարծում եմ, որ դեռ անբավարար է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամա նակ Իրանի խորհրդարանի փոխխոսնակը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, դա մեծ ձեռքբերում է հայ համայնքի համար: Հուսով ենք, Հայոց ցեղասպանության 11-րդ տարելիցին ևս կկարողանանք երկրորդ հաջողությունն ունենալ»,-ասաց Գասպար Ամիրխանյանը:
Նա նշեց, որ վերջերս խորհրդարան անցած երկու հայ պատգամավորների`Կարեն Խանլարյանի, Ժորժ Աբրահամյանի նախընտրական ծրագրային դրույթներից է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին հետամուտ լինելը: Ըստ նրա` հայկական համայնքը միասնաբար աշխատում է այդ ուղղությամբ:
Անդրադառնալով Արցախի հարցին` Գասպար Ամիրխանյանը նշեց, որ իրանահայ համայնքն առաջին իսկ օրերից Արցախի կողքին է եղել և հիմա էլ ամուր կապեր են հաստված: Ըստ նրա` պարբերաբար իրանահայերն այցելում են Արցախ, ակտիվ համագործակցություն կա տարբեր ոլորտներում, մասնավորապես, կրթական: Ինչ վերաբերում է Իրանի իշխանություններին, ապա Գասպար Ամիրխանյանը նշեց, որ Արցախի հարցի հետ կապված միշտ էլ Իրանի իշխանությունների դերը դրական է եղել: