Կրեմլը Սու-24-ի օդաչուի մարդասպանի ձերբակալության մասին
Международные новостиԿրեմլում դեռեւս հայտնի չէ, ինչ մեղադրանքով է ձերբակալվել Սու-24 ռմբակոծիչի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեջ կասկածվող Ալփարսլան Չելիքը եւ ինչպես է թուրքական դատախազների կողմից մեկնաբանվելու սպանությունը, որը նա կարող էր կատարել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` նշելով, որ իրենք կցանկանային ավելի շատ տվյալներ ստանալ մեղադրանքի էության եւ այդ հանցագործության մեկնաբանման շուրջ:
Թուրքական ոստիկանության աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ օրերս Սիրիայից վերադարձած ազգությամբ թուրք իսլամիստ մարտիկ Ալփարսլան Չելիքը, որն ավելի վաղ ստանձնել էր ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի օդաչուի սպանությունը, ձերբակալվել է Թուրքիայի Իզմիր քաղաքում: Չելիքը Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվում էր Թուրքիայի կողմից աջակցվող թուրքմենական ջիհադական խմբավորման կազմում:
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները սրվել են Սու-24-ի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ թուրքական օդուժը Սիրիայի տարածքում խոցել էր նրան: Օդաչու Օլեգ Պեշկովը հասցրել էր կատապուլտվելով դուրս թռչել, բայց գնդակահարվել էր երկրից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել էր ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից», եւ հրամանագիր էր ստորագրել անվտանգության ապահովման եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումներ կիրառելու մասին:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են այն մասին, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է մոտ ժամանակում ՌԴ-ի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ լուրջ քայլեր կատարելու մասին: