Օլանդը խորը ափսոսանք է հայտնում ԼՂ-ում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խորը ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող լրջագույն միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ, ինչի հետևանքով զոհվել են նաև խաղաղ բնակիչներ: Ինչպես հաղորդում է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ դեպքերն ամենալուրջ են 1994 թվականի հրադադարի հաստատումից հետո, երբ արդեն իսկ հակամարտության հետևանքով զոհվել էր շուրջ 30 հազար մարդ:
«Ֆրանսիայի նախագահը հակամարտության կողմերին առավելագույնս զսպվածության կոչ է անում և հորդորում անհապաղ հարգել հրադադարի ռեժիմը: Բանակցություններին այլընտրանքային ճանապարհ չկա: Հանրապետության նախագահը, որը 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, հաստատում է առավելագույնս սեղմ ժամկետներում հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմությունը»,- ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ: