Սահմանին հետաքննական մեխանիզմի տեղադրումը հնարավորություն կտար նվազեցնել լարվածությունը. Ալեքսանդր Կռիլով
Международные новостиՂարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձությունները չեն հանգեցնի լայնամասշտաբ պատերազմի: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կովկասագետների գիտական միության» նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը՝ անդրադառնալով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողություններին, որոնց արդյունքում զոհեր կան:
Կռիլովը նշեց, որ հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրի կնքման օրվանից ի վեր սահմանային լարվածությունն ունեցել է սրման միտում: Քաղաքագետը հիշեցրեց, որ 2015 թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը կրակահերթի տակ էր պահում Տավուշի շրջանը՝ կիրառելով ծանր զինտեխնիկա, հրթիռներ, ականանետեր:
«Կարծում եմ, որ հակամարտության երկու կողմերն էլ պատրաստ չեն սկսել նոր պատերազմ: Ադրբեջանը դուրս չի գալիս ռազմական խոշոր մասշտաբներին հանգեցնող գործողությունների սահմանից, որոնք, իրականում, նպատակ ունեն ճնշելու Հայաստանը: Իսկ Հայաստանն էլ վարում է «հաշիվը պահելու» քաղաքականություն: Պատերազմի վերսկսումն, ամենևին էլ, կապված չի լինի ղարաբաղյան հակամարտության հետ: Եթե նորից պատերազմ լինի, ապա այն կլինի արտաքին գործոնների ճնշման տակ, որոնք կարող են արմատապես փոխել տարածաշրջանի ներկայիս վիճակը»,- նշեց քաղաքագետը:
Հարցին՝ արտաքին ինչպիսի՞ գործոնների մասին է խոսքը, Ալեքսանդր Կռիլովը պատասխանեց, որ դա կարող է լինել «Իսլամական պետությունը» կամ ահաբեկչական այլ կազմակերպություններ, երբ դրանք դուրս բերվեն Սիրիայից ու Իրաքից: Արդյունքում, ըստ քաղաքագետի, Հարավային Կովկասում ղարաբաղյան հակամարտությանը կավելանան ևս մի քանի այլ կոնֆլիկտներ, որոնց հետևանքով տարածաշրջանը անկայուն կդառնա:
Ըստ Ալ. Կռիլովի՝ փակուղուց դուրս գալու համար հակամարտության կողմերը, միջազգային հանրությունը, մասնավորապես միջնորդ պետությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, անհրաժեշտ է, որ տանեն շարունակական աշխատանք հանրային կարծիքի և տրամադրության փոփոխության ուղղությամբ:
Միաժամանակ, ռուս քաղաքագետը շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ հասցեական հայտարարությունները, կոչերը հակամարտության երկու կողմերին՝ չխախտել հրադադարի ռեժիմը, բավարար չեն:
«Սահմանին հետաքննական մեխանիզմի տեղադրումը հնարավորություն կտար նվազեցնել լարվածությունը: Ցավոք, այս գաղափարն առայժմ միայն քննարկվում է»,- ընդգծեց Ալեքսանդր Կռիլովը: