Ադրբեջանի զինվորական հոսպիտալներում վիրավոր զինծառայողների համար արյունը չի հերիքում
Международные новости«Ուշադրություն: Շտապ արյուն է պահանջվում վիրավոր զինծառայողների համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով minval.az լրատվական կայքը, Facebook-ում նման հայտարարություն է տեղադրել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալը:
Նշվում է, որ ավելի շատ արյուն պահանջվում է բացասական ռեզուս գործոնով: Բոլորին, ովքեր կարող են դոնոր դառնալ, խնդրվում է արյուն հանձնել հոսպիտալում:
Ադրբեջանի ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալում հաստատել են տվյալ տեղեկությունը, գրում է կայքը:
Ադրբեջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ մերձճակատային շրջանների հոսպիտալներն ու հիվանդանոցները շարունակում են ընդունել վիրավոր զինծառայողներին, իսկ ավելի ծանր վիրավորներին ուղարկում են Գյանջայի եւ Բաքվի հիվանդանոցներ:
Ադրբեջանը չի հայտնում ապրիլի 2-ի գիշերվանից ԼՂՀ-ի դեմ սկսած ռազմական սադրանքին ի պատասխան հայկական ուժերի հարվածների արդյունքում վիրավոր զինծառայողների թիվը:
ԼՂՀ ՊԲ տվյալներով` վերջին երկու օրվա ընթացքում ձեռնարկված պատասխան հարվածների արդյունքում Ադրբեջանի բանակը 300-ից ավելի զինծառայող է կորցրել եւ շատ ավելի վիրավորներ տվել: Խոցվել է ադրբեջանական երկու ուղղաթիռ, 4 անօդաչու թռչող սարքեր, մոտ 20 տանկ, զրահամեքենաներ եւ այլ ռազմական տեխնիկա: