Ադրբեջանում կուսակցության առաջնորդին ձերբակալել են իշխանամետ երիտասարդներին քննադատելու համար
Международные новостиԱդրբեջանի ազգային պետականություն կուսակցության առաջնորդ Նեմաթ Փանահլըն այսօր ձերբակալվել է այն բանի համար, որ վերջինս քննադատել է իշխանամետ զոմբիացված երիտասարդությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Մուսավաթ» թերթը, Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի հետ միեւնույն շենքում բնակվող Փանահլիին զայրացրել է այն, որ իշխանությունների կողմից ուղարկված երիտասարդների խումբը արդեն երեք օր է` հավաքվում է շենքի առաջ, Քերիմլիի հասցեին «դավաճան», «թշնամի», «հայամետ» գոռգոռոցներով հայհոյանքներ տեղում նրա հասցեին:
Իշխանությունների կողմից զոմբիացված այդ երիտասարդների խուլիգանական գործողություններից նյարդերը տեղի տված Փանահլըն երիտասարդներին խորհուրդ է տվել իրենց բողոքը հայտնել ոչ թե բազմահարկ բնակելի շենքի առաջ, այլ Ժողովրդական ճակատ կուսակցության գրասենյակի դիմաց: Զայրացած երիտասարդները սկսել են վիրավորական արտահայտություններ անել նաեւ Փանահլըի նկատմամբ: Նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչին ականատես ոստիկանության աշխատակիցները Փանահլըին ձերբակալել եւ տարել են Բաքվի թիվ 21 ոստիկանական բաժանմունք: Ոստիկանները ձերբակալել են նաեւ Փանահլըի քրոջ որդուն, որն այդ պահին գտնվել է նրա կողքին:
Հիշեցնենք, որ Ալի Քերիմլին հանդես էր եկել ղարաբաղյան ճակատում վերջին օրերին ադրբեջանական բանակի ձախողված ռազմական գործողությունների հետ կապված երկրի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանն ուղղված քննադատական հայտարարությամբ:
Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել էր Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող` «պետք լինի Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, եւ հարց տվել նրանց. «Բա ինչու՞ չկարողացաք վերցնել»:
«Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվության, անկախ կրոնական, էթնիկ տարբերությունների` հասարակության միասնականության, աշխարհի, հարեւանների, հատկապես` Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում եւ խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչու՞ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին»: Խնդրում եմ, այլեւս «պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու», -գրել էր նա: