Սիրիայում «լռության օր» է հայտարարված խորհրդարանական ընտրություններից առաջ
Международные новостиՍիրիայում «լռության օր» է հայտարարված Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) ընտրություններից առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ընտրական հանձնաժողովի նախագահ դատավոր Հիշամ աշ Շաարը: Նա նշել է, որ «ապրիլի 12-ի ժամը 7:00-ից երկրում կարգելվի ցանկացած քարոզչական գործունեու թյուն»:
Աշ Շաարը հավաստել է, որ «ժողովրդական կամարտահայտության ընթացակարգի անցկացման բոլոր նախապատրաստություններն ավարտված են»: Ըստ նրա տեղեկությունների՝ ընտրությունների օրը՝ ապրիլի 13-ին, Դամասկոսում եւ նահանգային քաղաքներում կաշխատեն 7 հազարից ավելի ընտրական տեղամասեր: Կարգի պահապաններըմ նրա խոսքով, «երաշխավորում են քաղաքացիների անվտանգ ու անարգել մուտքը ընտրական տեղամասեր եւ նրանց կողմից իրենց սահմանադրական իրավունքի իրականացումը»:
Ժողովրդական խորհուրդը բաղկացած է 250 պատգամավորներից, որոնք համընդհանուր, ուղղակի եւ գաղտնի քվեարկությամբ ընտրվում են չորս տարի ժամկետով:
2012 թվականի մայիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել «Ազգային միասնություն» դաշինքը: Նրա բոլոր պատգամավորներն առաջադրվել էին իշխող Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության (ԱՍՎԿ) եւ Առաջադիմական ազգային ճակատի գծով նրա դաշնակիցների կողմից: Ներկայում ԱՍՎԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայի նախագահ Բաշար Ասադն է:
Ընտրարշավի ընթացքը փորձագետների շրջանում կասկածներ չի հարուցում, որ «Ազգային միասնությանը» վերստին կուղեկցի հաջողությունը: Կայացած հանրահավաքներում հասարակայնությունը եւ արհմիությունները աջակցություն են հայտնել նրա թեկնածուներին:
Մինչդեռ Ազգային համակարգող կոմիտեն՝ Սիրիայի ներսում ընդդիմության առաջատար խմբակցությունը, հայտարարել է ընտրությունները բոյկոտելու մասին: Նրա նախագահ Հասան Աբդել Ազիմը դրանք ներկա պահին անցկացնելու որոշումը համարել է «սխալ քայլ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: