Հայտնի հրեա գիտնականը դատապարտել է Իսրայելի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին
Международные новостиԱդրբեջանի կողմից Արցախի դեմ իրագործված հարձակումների ֆոնին, որի ժամանակ կիրառվել է Իսրայելից և Ռուսաստանից գնված միլիարդավոր դոլարների զենք, ճանաչված իսրայելցի գիտնականը իր երկրին դատապարտող ելույթով է հանդես եկել:
Պրոֆեսոր Իսրայել Չարնին, ով մարդու իրավունքների հավատարիմ պաշտպան է, խոստովանում է, որ Իսրայելը արյունոտ դերակատարություն է ունեցել հայերի սպանության գործում: Երուսաղեմում Հոլոքոստի և Ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտոր Չարնին կտրուկ մեկնաբանություն է տվել իսրայելական Haaretz թերթին` «Կվաճառեր արդյո՞ք Իսրայելը օգտագործված անօդաչուն Հիտլերին» խորագրով:
«Եթե նացիստները հրեաներին չկոտորեին և միայն կոտորեին գնչուներին ու Եհովայի վկաներին, արդյո՞ք մեր երկիրը զենք կվաճառեր նացիստներին:
Իսրայելը միլիարդ դոլարների զենք է վաճառել այնպիսի կառավարությունների, որոնք սպանում են կամ սպառնում են հարձակվել խաղաղ ժողովուրդների վրա: Անցյալ շաբաթ Ադրբեջանի ձեռք բերած իսրայելական անօդաչուն Լեռնային Ղարաբաղում 6 հայերի մահվան պատճառ է դարձել:
Ես ամաչում եմ:
Իմ հայ գործընկերներին և ընկերներին միայն կարող եմ ասել, որ որպես հրեա և իսրայելցի` ես հիասթափված և բարկացած եմ», - գրել է իսրայելցի պրոֆեսորը` հիշեցնելով նաև, որ 100 տարի առաջ հայերը զոհ են դարձել խոշորագույն ցեղասպանության, ինչպես և հրեաները: