Ադրբեջանում բանակից վերադարձած 20-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել
Международные новостиԱդրբեջանի Աղսուի շրջանի Արաբմեհդիբեյլի գյուղում բանակից երեք ամիս առաջ վերադարձած 20-ամյա Իսրայիլ Քերիմլին ինքնասպանություն է գործել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով lent.az լրատվական կայքը, երիտասարդը գործազուրկ էր, նրա ընտանիքն ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ, նյութական դժվարություններ եւ պարտքերի հետ կապված խնդիրներ ուներ:
Նշվում է, որ տղան կյանքին վերջ է տվել ծնողների աչքի առաջ: Նա որսորդական հրացանով կրակել է որովայնին: Ծնողներին չի հաջողվել խանգարել իրենց որդու ինքնասպանությանը:
Ադրբեջանական մամուլում հաճախակիացել են ինքնասպանությունների մասին տեղեկությունները:
Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի տարվում: Մամուլի հրապարակումների հետազոտությունների համաձայն` ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով:
Վերջին տարիներին Ադրբեջանում բոլոր տարիքային խմբերի քաղաքացիների ինքնասպանությունների թիվն այնքան արագորեն է աճել, որ այն աշխարհում արդեն ճանաչվում է որպես «ինքնասպանությունների երկիր»:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` ընթացիկ տարվա սկզբից մինչ այժմ Ադրբեջանում գրանցվել է 107 ինքնասպանության դեպք, որից 8-ն` անչափահսներ, 66 ինքնասպանության փորձ, ինքնահրկիզման 23 դեպք, որից 9-ը մահվան ելքով ավարտ է ունեցել:
2015 թվականին Ադրբեջանում 535 քաղաքացի ինքնասպանություն են գործել, որոնցից 29-նն անչափահասներ են եղել:
«Ազադլըգ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում 2,6 միլիոնից ավելի մարդ պարտք է բանկերին: Վերջին մեկ տարում մանաթի փոխարժեքի գրեթե երկու անգամից ավելի արժեզրկվելու պատճառով նրանց մեծ մասը չի կարողանում մարել պարտքերը: