Իլհամ Ալիեւը մեծ փող էր վճարել Վաշինգտոն այցելելու համար
Международные новостиԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Վաշինգտոնում միջուկային գագաթաժողովին մասնակցությունն ապահովել է ամերիկյան լոբբիստական Podesta Group հայտնի ընկերությունը: Այդ ընկերության ջանքերով է կազմակերպվել նաեւ Ալիեւի հանդիպումը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ «առավելագույն ձեռնտու մթնոլորտ ապահովելու նպատակով Բաքուն օգտվել է լոբբիստական խմբերից»:
Ըստ «Թուրան»-ի` Podesta Group-ի մեծ ջանքերով է, որ Ալիեւի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Պետքարտուղարը եւ ԱՄՆ-ի մյուս առաջնորդները բացահայտ ձևով չեն քննադատել Ադրբեջանում իրավունքի եւ ազատությունների խեղդվելու փաստերը, գլխավորապես «Ազադլըգ» ռադիոկայանի փակումը:
Երկու տարբեր աղբյուրներ «Թուրան»-ի թղթակցին հայտնել են, որ լոբբիստները «անասելի համառություն» են ցուցադրել Քերի-Ալիեւ հանդիպումը կազմակերպելու համար:
Չնայած Իլհամ Ալիեւի այցը կապված է եղել միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցության հետ, դրան օգնել է Ադրբեջանի դեսպանատան եւ Ամերիկայի առաջատար Podesta Group ընկերության միջեւ կնքված գործարքը, հայտնել է «Թուրան»-ը:
Ադրբեջանական լրատվական գործակալությունը նշում է, որ Podesta Group լոբբիստական խումբը երաշխավորում է Ադրբեջանի իշխանության ելքը Վաշինգտոնում դեպի որոշ ազդեցիկ անձինք: Այդ ծառայությունների արժեքը ամսական 50 հազար դոլար է:
«Իլհամ Ալիեւի Վաշինգտոն կատարած այցից հետո Ադրբեջանի դեսպանատունը շտապել է «լրացուցիչ ծառայության» ստանալու նպատակով Podesta Group-ի հետ 70 հազար դոլար մեծության նոր պայմանագիր ստորագրել:
Պետքարտուղարության նյութերի համաձայն` լոբբիստները պետք է լրացուցիչ ծառայություններ կատարեն 2016 թվականի ապրիլի 6-ից մինչեւ 2016 թվականի հուլիսի վերջ», -հայտնում է «Թուրան»-ը` նշելով, որ Podesta-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցածը:
Podesta Group-ի ղեկավարներն են Թոնի եւ Ջոն Պոդեստաները: Թոնի Պոդեստան Հիլարի Քլինթոնի նախագահական արշավի մասնակից է, իսկ Բարաք Օբամայի նախկին խորհրդական Ջոն Պոդեստան Հիլարի Քլինթոնի ընտրական արշավի ղեկավարն է: