ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը կոչ է արել ամբողջությամբ փակել թուրք-սիրիական սահմանը
Международные новостиՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կոչ է արել ամբողջությամբ փակել թուրք-սիրիական սահմանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը, Չուրկինը հայտարարել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ահաբեկչության գծով նիստի ժամանակ:
Նրա խոսքով` դա պետք է անպայման անել, քանի որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից արտահանվող նավթամթերքների, արտեֆակտների (պատմական հուշարձանների մասեր) եւ ապրանքների մեծ մասը նախկինի նման իրացվում է Թուրքիայի տարածքով:
Նա նշել է, որ «ահաբեկիչներին եւ ծայրահեղականներին Սիրիայի օրինական կառավարության դեմ օգտագործելու որոշ երկրների պատրաստվածությունը», արմատականների գործողությունների գնահատման «երկակի ստանդարտները» արդիական են պահում «հակաահաբեկչական նպատակներով թուրք-սիրիական սահմանները փակելու հարցը»:
Չուրկինն առաջարկել է նաեւ «մտածել ԻՊ-ի նկատմամբ ամբողջական առեւտրա-տնտեսական էմբարգո մտցնելու մասին»:
Ավելի վաղ նշվել էր, որ հեռխոսազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են Թուրքիայի եւ Սիրիայի սահմանը փակելու անհրաժեշտության մասին հարցը: