Ադրբեջանում ավերել են թալիշական գերեզմանոցը
Международные новостиԱդրբեջանի հարավում թալիշներով բնակեցված Աստարայի շրջանի Շիաքերան գյուղի գերեզմանոցում 20 գերեզմաններ ավերվել են, գերեզմանաքարերը ջարդվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով azadliq.info լրատվական կայքը, ԶԼՄ-ներին պատմել են տեղի բնակիչները:
Գյուղի բնակիչների խոսքով` միջադեպը տեղի է ունեցել գիշերվա ժամերին, իսկ ցերեկով, երբ եկել են գերեզմանոց, ականատես են եղել սարսափելի տեսարանի: Կատարվածի մասին անմիջապես հայտնել են շրջանի իրավապահ մարմիններին: Գյուղ ժամանած իրավապահները նախնական հետաքննությունից հետո բերման են ենթարկել տեղացի կասկածելի անձի:
Նշվում է, որ Աստարայի ոստիկանական բաժանմունքը շարունակում է հետաքննությունը:
Թալիշները տարածաշրջանի բնիկ ժողովուրդն է, որի հավատացյալները իսլամի շիա ուղղության հետեւորդներ են: Թեւե Ադրբեջանի պաշտոնական շրջանակները հայտարարում են, թե իբր այդ երկրում թլիշների ընդհանուր թիվը 87 հազար է, սակայն, թալիշներն` իրենք պնդում են, որ իրենց թիվն Ադրբեջանում 1,5 մլն է:
Նշենք, որ 1993 թվականին ազգությամբ թալիշ գնդապետ Ալրկրամ Հումբաթովը ներկայիս Ադրբեջանի թալիշաբնակ 7 շրջաններից բաղկացած Թալիշ-Մուղանական ինքնավար հանրապետություն էր հռչակել: Ադրբեջանական իշխանությունները չեն ճանաչել այդ ինքնավարությունը, իսկ նրա առաջնորդները ենաթրկվել են հետապնդումների. Հումբաթովը բանտարկվել եւ դատապարտվել է մահապատժի: Հետագայում, Եվրոպա Խորհրդի ճնշման տակ նա արտաքսվել եւ զրկվել է քաղաքացիությունից: 2000 թվականի հունվարին Հումբաթովը նամակով դիմել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլահ Խամենեին, որում Իրանից խնդրել էր պաշտպանել թալիշներին ադրբեջանական իշխանությունների կողմից տարվող ոչնչացման քաղաքականությունից: