Ադրբեջանում ՀԿ-ների նկատմամբ վերահսկողության համապարփակ համակարգ է ստեղծվել
Международные новостиՎերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունները Հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու ուղղությամբ 26 օրենսդրական փոփոխություններ են կատարել գործող օրենքներում, որոնցով խիստ սահմանափակվել է ՀԿ-ների գործունեության ազատությունը եւ դրանց դերը երկրի կյանքում: Մասնավորապես, բարդացվել է ՀԿ-ների գրանցումը, միաժամանակ դյուրացվել է պետության կողմից դրանց գործունեությունը դադարեցնելու գործառույ թը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, հայտարարել է ոչ կառավարական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ոլորտում օրենսդրության գծով իրավաբան-փորձագետ Ալեսքեր Մամեդլին:
Նրա խոսքով` արտասահմանից ֆինանսավորման կտրուկ կրճատումը հանգեցրել է ՀԿ-ների ամբողջական կախվածությանը պետությունից:
Նրա համոզմամբ` իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է օրենսդրությունից բացառել ոչ լեգիտիմ նորմերը կամ նոր օրենսդրություն ստեղծել:
«Այդ հարցում պետք է քաղաքական կամք լինի: Քաղաքացիական հասարակությունը, վերահսկողությանը զուգահեռ, կատարում է նաեւ օժանդակության ֆունկցիա, օրակարգ է հանում այնպիսի թեմաներ, որոնք կառավարությունը չի նկատում: Նորմալ կառավարությունը պետք է հասկանա, որ քաղաքացիական հասարակությունն օգնում է իրեն», -ասել է ադրբեջանցի փորձագետը:
Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակող օրենսդրական փոփոխությունների պատճառով բազմաթիվ ՀԿ-ներ, այդ թվում` արտասահմանյան, դադարել են գործել: