Թուրք մտավորականները պահանջել են չընդունել պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնող բանաձևը
Международные новостиՄի խումբ թուրք ակադեմիկոսներ, իրավաբաններ, լրագրողներ, գրողներ ու քաղաքական գործիչներ կոչ են արել Թուրքիայի մեջլիսի պատգամավորներին ոչ ասել պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնող բանաձևին:
Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
53 մտավորականի ստորագրություն պարունակող հայտարարության մեջ նշվում է, որ պատգամավորների անձեռնմխելիության վերացման վերաբերյալ սահմանադրական փոփոխության առաջարկը, որն արել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, անընդունելի իրավական և քաղաքական սխալ է:
«Հորդորում ենք բոլոր պատգամավորներին չաջակցել և դեմ դուրս գալ համընդհանուր իրավական նորմերին հակասող, ժողովրդավարական քաղաքականությունը ոտնահարող այս առաջարկին»,- նշել են մտավորականները:
Հայտարարության տակ ստորագրել են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Բասքըն Օրանը, Ֆեթհիյե Չեթինը, Հասան Ջեմալը, Ուֆուք Ուրասը, Սուլեյման Չելեբին, Իբրահիմ Քաբօղլուն, Ռըզա Թյուրմենը և այլք: