ՌԴ Աշխատանքի նախարարություն. Սոցապահովագրության համակարգը պիտի միասնական լինի ԵԱՏՄ-ի բոլոր երկրների համար
Международные новостиՌԴ Աշխատանքի նախարարությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տարածքում սոցիալական միասնական տարածքի ստեղծման խնդիր է դնում, այս գործընթացում միջոցառումների մի մասն արդեն ավարտվել է, հայտնել է պետական քարտուղար, աշխատանքի փոխնախարար Անդրեյ Պուդովը միջազգային «Սոցիալական ապահովագրություն» համաժողովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«(Անհրաժեշտ է) Եվրասիական տնտեսական միության մեջ մտնող երկրների սոցիալական տարածքն այնպիսին դարձնել, որ միասնական լինի: Այսինքն, եթե խոշոր առումով ասենք, աշխատանքի շուկան պիտի փաստացիորեն միասնական դառնա այդ երկրների տարածքների համար: Իսկ մարդկանց համար, եթե պարզեցված ասենք, դա պիտի այնպիսի մեխանիզմ ներկայացնի, որին համապատասխան, մարդը, անկախ իր աշխատանքի վայրից` Ղրղզստանում, Ղազախստանում կամ Հայաստանում, տարբերություն չզգա: Նա պիտի ստանա սոցիալական ապահովագրության ամբողջական ծավալը, եւ այդ իրավունքները պիտի լիարժեքորեն պաշտպանված լինեն», — ասել է նա:
Պուդովը նաեւ հայտնել է, որ այդ առումով միջոցառումների մի մասն արդեն իրականացվել է: Ներկայումս «մնացել է ավարտել կենսաթոշակային ապահովման համաձայնագրի ընթացակարգերը»:
Հաշվիչ պալատի աշխատակազմի ղեկավար Յուրի Վորոնինը նշել է, որ դա ԵԱՏՄ-ի քաղաքացիներին թույլ կտա իրենց այդ միության լիիրավ մասնակից զգալ: Միաժամանակ, նրա կարծիքով, անհրաժեշտ է մտածել իրավունքների պաշտպանության ժամանակակից մեխանիզմների օգտագործման մասին: