ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը դարձյալ կայցելի Ադրբեջան
Международные новостиՌուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մայիսի 17-ին կայցելի Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությունը` հղում կատարելով «տեղեկացված աղբյուրին»:
«Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվում բանակցություններ կանցկացնի ադրբեջանական ղեկավարության հետ: Այցի շրջանակում, մասնավորապես, կքննարկվի մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցն Ադրբեջան», -ասել է գործակալության աղբյուրը:
Կողմերը կքննարկեն նաեւ ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:
Վերջին անգամ Դմիտրի Ռոգոզինը այցով Բաքվում եղել էր ապրիլի 8-ին: Այցի ընթացքում կարգավորվել էին Ադրբեջան ռուսաստանյան սպառազինության մատակարարումների հետ կապված որոշ խնդիրներ:
Ադրբեջանին զենք վաճառելու դեմ հայկական կողմի բողոքին Ռոգոզինը պատասխանել էր, որ «ՌԴ-ն շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին»:
Ռոգոզինը Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է: Նա ՌԴ կառավարությունում միաժամանակ վերահսկում է ռազմական արդյունաբերության համալիրը: Ռոգոզինը մարտին գաղտնի այց էր կատարել Բաքու եւ բանակցություններ անցկացրել Ադրբեջանին վաճառվող ռուսաստանյան սպառազինության պայմանագրերում ծագած խնդիրների շուրջ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է Ռուսաստանից հերթական խոշոր զենքի խմբաքանակ եւ ռազմական տեխնիկա գնելու պատվեր տալ: Ենթադրվում է, որ Ռոգոզինի Բաքու կատարելիք այցի ժամանակ քննարկվելու է նաեւ այդ հարցը:
Ռուսաստանյան ԶԼՄ-ները ոչ Ռոգոզինի, ոչ էլ Պուտինի Ադրբեջան կատարելիք այցերի մասին չեն հայտնում: