Էրդողանը խորամանկեց Եվրամիության հետ, սակայն զբոսաշրջությունն իր երկրում փրկել չկարողացավ. Welt
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորամանկեց Եվրամիության հետ՝ փախստականների հարցում ԵՄ-ին կախվածության մեջ դնելով Անկարայից, սակայն տնտեսական ճգնաժամն այդ երկրում «Եվրոպայի նոր թագավորին» իր տեղը կդնի, գրում է Welt-ը։
Թուրքիայի «թույլ օղակը» հայտնաբերվեց Էրդողանի քաղաքական հաղթարշավի գագաթնակետին։ Պարզվեց, որ երկիրը շատ խոցելի է տնտեսական առումով։ Անկարայի համար եկամտի շատ կարեւոր աղբյուր էր զբոսաշրջությունը, որը հիմա աստիճանաբար անկում է ապրում, նշում է թերթը։
«Աճող ահաբեկչական սպառնալիքը եւ Էրդողանի անկանխատեսելի արկածախնդրությունը անշեղորեն կրճատում են օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա»,- գրում է հոդվածագիրը։
Մարտին Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների թիվը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 13 տոկոսով պակասել է։ Այն, որ Թուրքիայում զբոսաշրջությունն աղետալի վիճակում է, վկայում է փաստը, որ Turkish Airlines ավիաուղիները այս շաբաթ հայտնեց, որ 1999-ից հետո ամենախոշոր եռամսյակային կորուստներն է ունեցել։
Թուրքիայից աստիճանաբար հեռանում են ներդրողները։ Վարչապետ Դավութօղլուի անսպասելի հրաժարականը լուրջ ազդեցություն է ունեցել շուկայի վրա, ինչի հետեւանքով թուրքական ազգային արժույթը դոլարի նկատմամբ 5.5 տոկոսով արժեզրկվել է։
«Այդ պատճառով Էրդողանը դժվար թե կարող է երկար շարունակել իր քաղաքական շոուն եւ ծաղրի առարկա դարձնել այլ պետություններին եւ ներդրողներին»,- եզրափակում է հեղինակը։