Անհետացած օդանավի անձնակազմը աղետի ազդանշաններ չէր ուղարկել. EgyptAir
Международные новостиՌադարներից անհետացած MS804 եգիպտական օդանավի անձնակազմը աղետի ազդանշաններ չէր ուղարկել, հայտնել է EgyptAir ավիաընկերության փոխնախագահ Ահմեդ Աբդելը CNN–ին տված հարցազրույցում: Անձնակազմը նաեւ տեղեկացված չի եղել օդանավում վտանգավոր բեռի առկայության մասին:
Sky News Arabia հեռուստաալիքը հայտնել է, որ օդանավը հասցրել էր 10 մղոնով խորանալ Եգիպտոսի օդային տարածք: Երբ նրա հետ կապն ընդհատվել է, այն գտնվում էր մոտ 11 հազար մետր բարձրության վրա: Օդանավը ռադարներից անհետացել է տեղական ժամանակով 02:45-ին, այսինքն Կահիրեի օդանավակայանում նախատեսված վայրէջքից 20 րոպե առաջ: Վերջին անգամ օդաչուները կապ էին հաստատել դրանից 10 րոպե առաջ:
EgyptAir ավիաընկերության ներկայացուցիչները Twitter-ում պատմել են Միջերկրական ծովի վրա անհետացած «Ա320» օդանավի օդաչուների փորձի մասին: «Պետք է ուշադրություն դարձնել, որ օդանավի հրամանատարն ուներ 6275 ժամ թռիչքի փորձ, այդ թվում 2101 ժամը՝ «Ա320» օդանավով»,- ասվում է սոցցանցի հաղորդագրության մեջ: Նաեւ նշված է երկրորդ օդաչուի փորձը՝ 2766 ժամ:
Մայիսի 19-ին հայտնի է դարձել, որ Եգիպտոսի օդային տարածքում եգիպտական օդանավ է անհետացել: Ենթադրվում է, որ այն ընկել է Միջերկրական ծով: Օդանավը որոնելու համար ստեղծվել է արտակարգ օպերատիվ շտաբ, որում ընդգրկվել են բոլոր ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչները, մասնակցում է նաեւ Հունաստանի ու Եգիպտոսի ավիացիան: