Մայր Աթոռի Ռուբեն Սեւակի թանգարանում առաջին անգամ ցուցադրվեց 1991 թ. Մայր Աթոռի պատվերով նկարահանված ֆիլմը
Общество«Թանգարանների գիշեր» միջազգային գարնանային տոնի կապակցությամբ այս տարի՝ մայիսի 21-ին, Մայր Աթոռի Ռուբեն Սեւակի թանգարանում տեղի ունեցավ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի «Աստվածամայրը Մանկան հետ» սրբապատկերի ցուցադրումը, ներկայացվեց բանախոսություն` «Օրհնություն նորանկախ Հայաստանին» խորագրով, ցուցադրվեց դեռեւս 1991 թվականին Մայր Աթոռի պատվերով նկարահանված ֆիլմ՝ մյուռոնօրհնեքի արարողությանը նվիրված:
Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի եւ թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, այդ տարում օրհնվող Սրբալույս մյուռոնը Վազգեն Ա. Վեհափառը հռչակել էր Անկախության մյուռոն:
«Քանի որ Թանգարանային գիշերն էլ այս տարի անցկացվում է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի ոգեկոչումով, տոնախմբությամբ, որոշեցինք այդ միջոցառման շրջանակում ընդգրկել նաեւ այս ֆիլմի ցուցադրությունը»,- ասաց նա:
Նշենք, որ 1991 թվականից հետո այս ֆիլմը Մայր Աթոռում առաջին անգամ էր ցուցադրվում: Այն հին ժապավենաձեւ ֆիլմ էր, որն այժմ Հայաստանի ազգային արխիվի աջակցությամբ թվայնացված է: Չի բացառվում, որ այն այսուհետ կցուցադրվի տարբեր առիթներով:

Ինչ վերաբերում է ֆիլմի սցենարին ու Վեհափառ հայրապետի խոսքին, ինչպես նշեց Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, դրանք ժամանակից դուրս են ու բոլոր ժամանակներում հայ ժողովրդին ուղղված կոնկրետ պատգամ են՝ նորոգելու ազգային գիտակցությունը, արժեւորելու իր կյանքում պետություն, պետականություն, մայրենի լեզու, ազգային հավատք և մշակույթ, անկախություն, ինքնիշխանություն եւ նմանատիպ այլ սրբազան արժեքներ:
«Վստահ եմ, որ որևէ ժամանակ մարդը կարիք ունի իր գիտելիքների, հավատարմության ու նվիրումի նորոգման, ամրապնդման, իսկ նմանատիպ ֆիլմերը՝ իրենց բովանդակությամբ և հնչող պատգամներով կոչված են օգնելու, որ անձը ճանաչի իր անցյալը, արժեւորի իր ներկան, ինչպես նաեւ իմաստնացած և գործուն քայլերով հարթի իր ապագան: Եթե մենք չօգտագործենք անցյալի հարուստ ժառանգությունը մեր քարոզչության ընթացքին՝ սերունդներ կրթելու եւ ազգային ինքնությունը ճանաչեցնելու համար, կդադարենք որպես հայ տեսակ այս աշխարհում ապրել ու գոյություն ունենալ: Եթե մենք կորցնենք մեր ազգային հիշողությունը՝ չիմանանք, թե ով ենք և որտեղից ենք գալիս, ապա այս աշխարհում մենք կապրենք ու կգոյատեւենք լոկ մի ֆիզիկական գոյություն, բայց ոչ երբեք բարոյական, հոգեմտավոր էակ: Եթե մենք ուզում ենք այս աշխարհում ապրել որպես ազգ, ինչպես մեր նախնիներն են դարեր շարունակ ապրել ու արարել, ապա մենք հրամայական ունենք հավատարիմ մնալու մեր սրբազան արժեքներին, մեր կենսատու արմատներին: Պիտի մաղթենք, որ այսօր էլ ստեղծվեն նման ֆիլմեր և տեսանյութեր, որոնք պիտի ծառայեն մեր ազգի ճիշտ դաստիարակությանը և վերելքին: Ունայն և անարդյունք, ոչ դաստիարակիչ և զարգացման չառաջնորդող ձեռնարկների, ծրագրերի և հեռուստանյութերի համար ծախսված ամեն մի լումա կործանիչ հարված է մեր ազգային կյանքի շինվածքին, մեր Պետությանն ու մեր գալիքին: Ուրեմն, հարկ է լրջանալու և անդրադառնալու, թե ինչին են ծառայում մեր նյութական միջոցները, թե մենք ում ենք ծառայում»,- նշեց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Սոսե Չանդոյան