Բաքվում ավերել եւ թալանել են ռուսական գերեզմանոցը
Международные новостиԲաքվի Զաբրաթ ավանում վերջերս ավերել եւ թալանել են ռուսական գերեզմանոցը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` haqqin.az լրատվական կայքին հայտնել է Ելենա Լյուբոմիրովան:
«Այցելեցի Զաբրաթի ռուսական գերեզմանոց, իսկ այնտեղ դարձյալ ավերվել եւ թալանվել են գերեզմանները: Առաջին անգամը չէ, որ բախվում եմ նման վանդալիզմի, սակայն, երբեք ոչ մի տեղ չեմ դիմել, ինքս իմ ուժերով բարձրացնել եմ տվել իմ հանգուցյալ հարազատների տապալված խաչերը, գերեզմանաքարերը...
Բայց, ինչպես երեւում է` այդ անմարդկային դաժանությանը վերջ չկա: Գերեզմանոցի տնօրենն իր ուժերով ի վիճակի չէ պայքարել գազանների, իսկ ոստիկանությունից ոչ մի օգնություն չկա: Մի՞թե սա վերջ չի ունենալու», -դժգոհել է նա` նշելով, որ մի՞թե ժամանակակից մարդիկ ամբողջությամբ մոռացել են բոլոր կրոններում հանգուցյալներին հարգելու մասին հորդորները, որոնց գերեզմանների անարգանքը համարվում է սրբապղծություն եւ մեծ մեղք:
Կայքի խմբագրություն հղած նամակում ռուս կինը հիշեցրել է, որ այն մարդիկ, որոնց գերեզմանաքարերը գազանաբար հանվել են հողից, ավերվել, թալանվել եւ գողացվել, ժամանակին մեծ ներդրում են ունեցել Ադրբեջանի կյանքում:
«Տատիկս Ադրբեջանի վաստակավոր մանկաբույժ է, պապս` Բեռլին հասած եւ ամբողջ կյանքում նավթահանքերում աշխատած նավթագործ: Նրանք թաղված են այդ գերեզմանոցում: Մի՞թե նրանք արժանի չեն հանգիստ հանգչելու այնտեղ: Ովքե՞ր են ծնում այն գազաններին, որոնք պղծում են նրանց գերեզմանները», -հարցնում է Լյուբոմիրովան եւ ինքն էլ համոզմունք հայտնում. «Իմ կարծիքով, դրանք այն պատասխանատու մարմիններն են, որոնք աչք են փակում այդ ամբողջ սարսափի վրա»:
Բաքվի ռուս բնակչուհին ադրբեջանական իշխանություններից խնդրում է իրենց պահպանության տակ առնել Բաքվի բոլոր քրիստոնեական գերեզմանոցները:
Կայքը փաստեր է բերում այն մասին, որ Բաքվի բոլոր գերեզմանոցներում գերեզմանների վաճառքով զբաղվող խմբեր կան, որոնք կենտրոնական թաղամասերում ավերում են հիմնականում քրիստոնյաների գերեզմանները, այդ տեղերը խոշոր գնով վաճառելու համար:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին այն մասին, որ Բաքվի իշխանությունների որոշումով հայկական գերեզմանոցի միջով ավտոմայրուղի անցկացնելու համար մոտ 50 մ լայնությամբ հողին են հավասարեցվել հայերի գերեզմանները: