Գերմանիայի հետ հարաբերություններն ամբողջությամբ չեն վատանա. Թուրքիայի վարչապետ
Международные новостиԳերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Բինալի Յըլդըրըմն անմիջապես հանդես էին եկել Գերմանիայի հետ հարաբերությունները «լրջորեն» վնասվելու մասին հիստերիկ հայտարարություններով` նշելով, որ Անկարան «հավելյալ քայլեր կկատարի»: Թուրքիան անգամ անմիջապես «խորհրդատվությունների» համար հետ էր կանչել Բեռլինում իր դեսպանին:
Այսօր արդեն Թուրքիան սկսել է մեղմացնել Գերմանիայի դեմ իր ագրեսիվ հայտարարությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչեով թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Գերմանիայի հետ հարաբերություններն «ամբողջությամբ չեն վատանա»:
«Ոչ ոք թող չսպասի, որ Գերմանիայի հետ Թուրքիայի հարաբերություններն ամբողջությամբ կվատանան», -ասել է Բինալի Յըլդըրըմը` չհստակեցնելով, թե Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման հետ կապված ինչ հակաքայլեր է նախատեսում կատարել Անկարան Բեռլինի նկատմամբ:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը բանաձեւ է ընդունել, որում Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային տարիներին հայերի զանգվածային տեղահանություններն ու կոտորածները բնութագրել է որպես ցեղասպանություն:
Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ Թուրքիան «մինչ օրս հրաժարվում է խոստովանել, որ հայերի տեղահանությունները, հետապնդումներն ու սպանությունները ծրագրված բնույթ են կրել»:
Գերմանացի խորհրդարանականներն այդ բանաձեւը պաշտպանել են ի հակառակ Թուրքիայի կողմից հզոր քաղաքական ճնշման եւ սպառնալիքների: Բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն խորհրդատվությունների համար հետ է կանչվել հայրենիք: