Կրեմլը պատասխանել է Ռուսաստանին Գերմանիայի «մրցակիցների» թվին դասելուն
Международные новостиՌուսաստանին Գերմանիայի «գործընկերների» կարգից «մրցակիցների» կարգ տեղափոխելը կարող է ափսոսանքի եւ անհանգստության զգացում առաջացնել, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով «Սպիտակ գրքի» նոր խմբագրությունում փոփոխությունները, որում Գերմանիայի կառավարությունը նշել է անվտանգության հիմնական սպառնալիքները, հայտնում է ՌԲԿ-ն:
«Եթե «Սպիտակ գրքի» նոր խմբագրության մասին տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, դա կարող է միաժամանակ ափսոսանք եւ անհանգստություն առաջացնել: Ափսոսանք, որովհետեւ եթե դա համապատասխանում է իրականությանը, խոսքը ռուսական կողմի դիրքորոշումը չհասկանալու մասին է, որն ուղղված է ոչ թե դիմակայությանը, այլ փոխադարձ համագործակցությանը: Եվ անհանգստություն, որ առկա է նման դիրքորոշում, որը հիմնվում է նման սխալ ընկալման վրա, նման դիրքորոշումը կարող է հանգեցնել դիմակայական գործողությունների», — ասել է Պեսկովը:
Ավելի վաղ` հունիսի 5-ին Die Welt պարբերականը հաղորդել էր, որ Գերմանիայի կառավարությունը թարմացրել է «Սպիտակ գրքի»` երկրի ազգային անվտանգության քաղաքականության իրականացման ուղեցույցի խմբագրությունը: Փաստաթղթի նոր տարբերակում ասվում է, որ Ռուսաստանը Գերմանիայի համար «այլեւս գործընկեր չէ, այլ` մրցակից» եւ այժմ մտնում է հիմնական սպառնալիքների թվի մեջ:
Պարբերականը ճշտել է, որ «Սպիտակ գրքում» փոփոխություններ չէին մտցվել 2006-ից ի վեր: Նոր խմբագրության մեջ ասվում է, որ շրջապատող աշխարհը անվտանգության ոլորտում «շատ է փոխվել», ամեն ինչ դարձել է «բարդ, փոփոխական եւ դժվար կանխատեսելի»: Փաստաթղթի հեղինակները նշել են, որ Ռուսաստանը «պատրաստ է բռնի առաջ մղել իր շահերը», միաժամանակ որպես օրինակ է բերվում Ղրիմում եւ Ուկրաինայի արեւելքում դեպքերը: