Պարզվել է Մոհամեդ Ալիի հուղարկավորությունից Էրդողանի շտապ հեռանալու գլխավոր պատճառը
Международные новостиՊարզվել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորության արարողությունից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շտապ հեռանալու գլխավոր պատճառը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով WLKY.com կայքը, Մոհամեդ Ալիի հոգեհանգստի հանդիսավոր արարողության մասնակից ԱՄՆ-ի ամենաճանաչված հրեա ռաբբի առաջնորդ, քաղաքական ակտվիստ Մայքլ Լերները, Ալիի հիշատակին ունեցած ելույթում, դիմելով աշխարհի առաջատար երկրների առաջնորդներին, հայտարարել է. «Թուրքիայի առաջնորդներին ասեք վերջ տան քրդերի սպանություններին»:
Թուրքական DemokratHaber կայքը հայտնում է, որ Մուհամեդ Ալիի հուղարկավորության արարողությանն ԱՄՆ-ի հրեական համայնքին ներկայացնող ռաբբի Մայքլ Լերների այդ կոչը դարձել է ԱՄՆ ժամանելուց ընդամենը մի քանի ժամ հետո Էրդողանի հեռանալու համար որոշում ընդունելու գլխավոր վերջին կաթիլը:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Մուհամեդ Ալիի երկրպագու Էրդողանը նրա հուղարկավորությանը մասնակցելու համար ԱՄՆ այցը ծրագրել էր 2 օր ժամկետով, սակայն նրա գլխավորած պատվիրակությունը ընդամենը 4-5 ժամ հետո շտապ հետ վերադառնալու որոշում է ընդունել:
CNN Turk-ն այդ առնչության հաղորդել է, որ Էրդողանի հետ վերադառնալու պատճառը հանդիսացել է այն, որ ԱՄՆ-ում նրան հարգալից չեն դիմավորել: Մուհամեդ Ալիի ընտանիքը Էրդողանի «ժեստային» պահանջներին պատասխանել է. ««Մենք դա չենք ցանկանում», ինչը վիրավորել է Էրդողանի պատվիրակությանը:
Թուրքական «Հուրիեթ» պարբերականը միջադեպերի հետ կապված գրել է, որ Ալիի հոգեհանգստի արարողության ժամանակ Էրդողանը ցանկացել է Քաբա (իսլամական սրբավայր) կատարած ուխտագնացությունից բերած իր քիսուայի (իսլամական ծածկոց) մի մասը դնել դագաղի վրա, սակայն ստացել է «Մենք դա հետո կդնենք» պատասխանը, ինչը նա դժգոհությամբ է ընդունել: Բացի այդ, մերժվել է «Ղուրան» կարդալու իր եւ Կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզի ցանկությունը:
Այդ միջադեպերի պատճառով Էրդողանը վերադարձել է Թուրքիա առանց Մուհամեդ Ալիի թաղման արարությանը մասնակցելու: