«Էյր Ֆրանս»-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Международные новости«Էյր Ֆրանս» ֆրանսիական ազգային ավիաընկերության օդաչուները քառօրյա գործադուլ են հայտարարել, ինչի հետևանքով կարող են ձախողվել Ֆրանսիայում անցկացվող Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հազարավոր երկրպագուների պլանները:
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ընկերությունից հայտարարել են, որ թռիչքների մեծ մասը հետաձգվել է: Առաջնահերթություն են տրվել դեպի այն քաղաքներ թռիչքների իրականացմանը, որտեղ անցկացվելու են խաղերը:
Օդաչուները կառավարությունից պահանջում են հրաժարվել աշխատանքային օրենսգրքում իրականացվելիք փոփոխություններից, որոնցով գործատուների համար հեշտացվում է աշխատակիցներին աշխատանքից ազատելու գործընթացը: Գործադուլ են հայտարարել նաև այլ ոլորտի աշխատողներ, օրինակ Փարիզում աղբահանություն չի իրականացվի մինչև առաջիկա չորեքշաբթի, մինչ այդ 9 ժամյա գործադուլ էին հայտարարել երկաթուղային ծառայություններ մատուցող ընկերությունները:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել առաջնության նախօրեին գործադուլ իրականացնողներին պատասխանատվության ենթարկել: