Ստամբուլի ոստիկանությունը ցրել է Radiohead-ի երկրպագուներին աջակցելու դուրս եկած ցուցարարներին
Международные новостиԹուրքիայի ոստիկանությունը շաբաթ երեկոյան արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ, ովքեր դուրս են եկել Ստամբուլում ձայնագրման խանութի սեփականատերերին և Radiohead խմբի երկրպագուներին աջակցելու ակցիայի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մի քանի հարյուր մարդ հավաքվել է խանութի մոտ՝ վանկարկելով. «Ուս ուսի ֆաշիզմի դեմ», ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին մեղադրանքներ գոռալով:
Ինչպես հայտնում է France-Presse-ը, ակցիային մասնակցել է մոտ 500 մարդ: Մեկ ժամվա ընթացքում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին:
Բողոքի ակցիան դարձել է ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակմանն ի պատասխան: Ստամբուլի Velvet IndieGround խանութը բրիտանական Radiohead խմբի նոր ալբոմի թողարկման առիթով երեկույթ է կազմակերպել, որի ժամանակ մոտ 20 հոգուց բաղկացած մի խումբ սկսել է շշեր նետել այցելուների վրա:
Ենթադրաբար հարձակվողները դժգոհ են եղել, որ խանութում և դրա մոտ իսլամում արգելված ալկոհոլ էին խմում:
Թուրքական «Դոգան» գործակալությունը հայտնում է, վկայակոչելով ականատեսներին, որ վիրավորվել է առնվազն երկու մարդ:
Radiohead խումբը հարձակումից անմիջապես հետո հայտարարություն է տարածել՝ ասելով, որ «սիրում և աջակցում է» Ստամբուլում իր երկրպագուներին:
«Մենք հույս ունենք, որ ժամանակ կգա, երբ կկարողանանք հիշել այդպիսի կատաղի անհանդուրժողականության նման արտահայտումները՝ որպես անցած դարերից մի բան»,- հայտարարել են երաժիշտները: