Այսօր լրանում է Ասանժի` Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը գտնվելու 4 տարին
Международные новостиԿիրակի օրը լրանում է չորրորդ տարին, ինչ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
44-ամյա Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում 2010 թվականին Շվեդիայի տրամադրած ձերբակալության եվրոպական օրդերով: Շվեդիայում նա մեղադրվում է բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ:
Երկու տարի անց, մինչ իր գործը քննվում էր դատարաններում և լինելով գրավի դիմաց ազատության մեջ Անգլիայում՝ իմանալով, որ Գերագույն դատարանը մերժել է նրա բողոքարկումը, նա ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
2015 թվականին Շվեդիայի դատախազությունը հետ է կանչել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքները, քանի որ լրացել է Ասանժի հարցաքննության համար վաղեմության ժամկետը: Սեռական բռնության մեջ մեղադրանքն ուժի մեջ է մնում, և Շվեդիան ցանկանում է, որ Ասանժն արտահանձնվի:
Ասանժը պնդում է, որ մարդիկ, ում մասին է խոսքը, իր հետ կամավոր են սեռական կապ ունեցել, իսկ իր հասցեին մեղադրանքները քաղաքական շարժառիթներ ունեն:
Եվրոպայի շատ երկրներում կիրակի օրը՝ ի աջակցություն Ասանժի, հանդես կգան այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են՝ Պատի Սմիթը, Բրայան Ինոն, Նոամ Չոմսկին, Յանիս Վարուֆկիսը, Այ Վեյվեյը, Վիվյեն Վեսթվուդը և այլք:
Ինքն՝ Ասանժը, իր աջակիցներին կդիմի վիդեոկապով Էկվադոր դեսպանատան իր սենյակից: