«Եվրո 2016». Եվրոպական ֆուտբոլի գրանդների պայքարը. Իտալիա-Իսպանիա
Спорт«Եվրո 2016»-ի, 1/8-րդ եզրափակիչի կենտրոնական խաղը Իտալիա-Իսպանիա հանդիպումն է:«Արմենպրես»-ը ներկայացնում է թիմերի անցած ուղին:
Իտալիայի ազգային հավաքական: «Եվրո 2016» -ի վիճակահանությունը անբարեհաճ գտնվեց Իտալիայի և Իսպանիայի ազգային ընտրանիների համար: Արդեն 1/8-րդ եզրափակիչում եվրոպական ֆուտբոլի երկու գրանդները ստիպված են որոշել ուժեղին: Պայքարի առումով ֆուտբոլասերները ականատես կլինեն ֆանտաստիկ դիմակայության, իսկ «Եվրո 2016»-ը կզրկվի 1 տիտղոսակաիր հավաքականից: Դիմակայությունը կարող է զարդարել ցանկացած մրցաշարի եզրափակիչ: Իտալիայի հավաքականը «Եվրո 2016»-ն սկսեց Բելգիայի ընտրանու նկատմամբ տոնած գերվստահ հաղթանակով: Իտալական կատենաչոն, հ ամեմված գեղեցիկ կոմբինացիոն գրոհներով, մրցակիցներին ստիպեց վերանայել իրենց պլանները: Իտալիայի հավաքականի դարպասում վստահ խաղով աչքի է ընկնում Ջիջի Բուֆոնը: «Սկուադրա աձուրա»-ի պաշտպանական գիծը ևս իրեն բավական վստահ է զգում: Իտալիան այս առաջնությունում բաց է թողել ընդամենը մեկ գնդակ: Կիսապաշտպանությունում գրագետ, հարձակողական խաղով Անտոնիո Կոնտեի թիմին օգնում են Անտոնիո Կանդրևան և Դանիելե դե Ռոսին: Հարձակման գծում առաջատարի պարտականություններն իր վրա է վերցրել Էդերը: Իսպանիայի հավաքականի հետ հանդիպումը յուրահատուկ դաս կլ ինի Իտալիայի նոր ֆուտբոլիսնտերով կազմավորված հավաքականի համար:
«Եվրո 2016»-ը Իտալիան սկսեց Բելգիայի հավաքականի հետ խաղով: Իտալիան կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկի դարպասը: Հաջորդ տուրում հաղթական դարձավ Էդերի գոլը: Իտալիայի զոհը Շվեդիան էր: Ապահովելով 1-ին տեղը՝ վերջին տուրում Իտալիան հանդիպեց Իռլանդիայի հետ: 2-րդ կազմով «սկուադրա աձուրա»-ն անականկալ պարտություն կրեց նվազագույն՝1-0 հաշվով:
«Մենք շատ ենք հարգում Իսպանիայի հավաքականը և գիտենք, որ այն լավագույն թիմերից է աշխարհում: Իսպանացիները առաջնության ֆավորիտներից են: Բոլորը խոսում են այն մասին, որ մենք պետք է ուշադիր լինենք պաշտպանությունում: Ես կավելացնեի, որ Իսպանիան պետք է զգուշանա մեր հարձակվողներից: Նրանք պետք է ապացուցեն, որ մեզանից լավն են »:-ասել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:
Իսպանիայի ազգային հավաքական: Եվրոպայի գործող չեմպիոնները, աշխարհի առաջնությունում ձախողվելուց հետո, Եվրոպայի առաջնությանը հասել են հիանալի մարզավիճակով: Վիսենտե Դել Բոսկեն առաջնության մեկնարկից առաջ հրաժարվեց Սաուլ Նիգեսի և Իսկոյի ծառայություններից: Այս որոշումը մի շարք խոսակցություների առիթ հանդիսացավ: Դել Բոսկեն ստիպված էր խաղադաշտում իր թիմի գորժողություները կառուցել այնպես, որ այս խոսակցությունները արդարացված չլինեին: Իսպանացի մասնագետն այս իրավիճակում գտավ ելքը:
Իսպանիայի հավաքականի դարպասում լեգենդար Իկեր Կասիլիասին փոխարինեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան: Աշխարհի լավագույն դարպասապահներից մեկի գործողություններում մի փոքր հուզմունք է զգացվում, սակայն դրվագների մեծամասնությամբ Դե Խեան անսխալ է: Ռեալա-բարսելոնյան պաշտպանությունը խաղադաշտում բավական վստահ տեսք ունի: Պիկեն ու Ռամոսը մեկ անձի նման հասկանում են միմյանց: Կիսապաշտպանությունում առաջատարը Անդրես Ինիեստան է: «Բարսելոնա»-ի դիրիժորն իր տարերքի մեջ է: Վիսենտե Դել Բոսկեի բացահայտումը այս առաջնությունում Նոլիտոն է: «Սելտա»-ի հարձակվողը Ալվարո Մարատայի հետ հիանալի զույգ է դարձել Իսպանիայի հավաքականում: Իտալիայի հետ դիմակայությունը ցույց կտա, թե Իսպանիան որքան հեռու կարող է գնալ «Եվրո 2016»-ում:
Առաջնությունը «Կարմիր ֆուրիա»-ն սկսեց Չեխիայի հավաքականի դեմ դժվարին խաղով: Իսպանիան կարողացավ համառ պայքարում հաղթել 1-0 հաշվով: 2-րդ խաղում Դել Բոսկեի ֆուտբոլիսնտերը քարը քարի վրա չթողեցին Թուրքիայի թիմից: Վերջին տուրից առաջ իր համար տեղ ապահովելով 1/8 եզրափակիչում՝ Իսպանիան մրցեց Խորվաթիայի ընտրանու հետ: «Կարմիր ֆուրիա»-ն հաղթում էր, սակայն խորվաթները հավաքվեցին և կարողացան 2 գնդակ ուղարկել Եվրոպայի չեմպիոնների դարպասը:
«Նախորդ առաջնությունը մենք սկսեցինք Իտալիայի հետ խաղով: Այդ խաղում Իտալիան ուներ առավելություն, սակայն մենք կարողացանք հանդիպումը ոչ-ոքի ավարտել: «Եվրո 2012»-ի եզրափակիչում մեր մրցակիցը կրկին Իտալիան էր: Մենք դարձանք Եվրոպայի չեմպիոն: Հավաքականում ունենք հիանալի կատարողներ, մնում է օգտագործենք մեր պահերը»:-Ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն:
Իտալիա-Իսպանիա: Հավաքականները միմյանց դեմ անցկացրել են 35 հանդիպում: Թիմերը հաղթանակների առումով բացարձակ հավասար ցուցանիշներ ունեն: Յուրաքանչյուրն իր ակտիվում ունի 10-ական հաղթանակ: Ընտրանիները ևս 15 խաղ ավարտել են ոչ-ոքի արդյունքով:
Իսպանիա-Իտալիա հանդիպման գլխավոր մրցավարը Թուրքիան ներկայացնող Ջունեյ Չակիրն է: Հանդիպումը կսկվի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Արմեն Մանուկյան