Իրանում պաշտոնանկ են արել բարձրաստիճան պաշտոնյաների «աստղաբաշխական աշխատավարձերի» պատճառով
Международные новостиԻրանի կառավարությունը պաշտոնանկ է արել երկրի Ազգային զարգացման հիմնադրամի ղեկավարությանը կառավարիչների խորհրդի անչափ բարձր աշխատավարձերի պատճառով:
Ինչպես հայտնում է իրանական «Ֆարս» գործակալությունը` հրապարակված ցուցակը, որում մատնանշվում է կառավարիչների խորհրդի ղեկավար Սաֆդար Հոսեյնիի և նրա գործընկերների աշխատավարձերի չափը, դժգոհության և հասարակական քննադատության ալիք է բարձրացրել: Աղբյուրի հաղորդմամբ` Հիմնադրամի ղեկավարության աշխատավարձը կազմել է շուրջ 57 մլն թուման (ավելի քան 16000 դոլար:)
Բացի այդ, հրապարակվել են նաև Իրանի կառավարության որոշ աշխատակիցների աշխատավարձերը: Կառավարությունում պատրաստվում են ուսումնասիրել պաշտոնյաների եկամուտների մասին հաշվետվությունները:
Իրանի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ աշխատանքից կազատեն «աստղաբաշխական աշխատավարձ» ունեցող պաշտոնյաներին, իսկ այս նախաձեռնության հեղինակն է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին: