- Սահմաններում լարվածության և կյանքի բնականոն ռիթմի խաթարման մասին տեղեկություները չափազանցված են,- orer.am-ի հետ զրույցում պնդում է սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը: Նա նշում է, որ հաճախ այդ լուրերը անհեթեթության են հասնում:
՛՛Հետաքիքիր է՝ ամբողջ օրը տեղեկատվական հոսք եմ ստանում այն մասին, որ սահմանամերձ գյուղերում իրավիճակը լարված է և բնակիչները խուճապի մեջ են, կյանքը դուրս է եկել իր բնական ընթացքից: Եվ տարօրինակն այն է, որ այդ մասին տեղեկանում եմ լրագրողների զանգերից այն դեպքում, երբ զանգին պատասխանելու պահին գտնվում եմ անտառում, որտեղ մեր բարերարների և գյուղացիների համատեղ ջանքերով ջրագիծ ենք կառուցում՛՛ ,- ասում է համայնքապետը:
Orer.am-ի ճշտող հարցին՝ այսինքն կրակոցների պատճառով գյուղատնտեսական աշխատանքների բնական ընթացքը չի՞ տուժել, Սահակյանը պատասխանեց. ՛՛Քիչ առաջ եմ վերադարձել աշխատանքների վայրից, այսօր հերթական 200 մետր ջրագիծն ենք կառուցել: Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ սահմանային գոտու բնակչության մոտ ակտիվ սեզոնային աշխատանքների շրջան է, և թեժ է ոչ այնքան կրակագոտում, որքան ակտիվ աշխատանքային ճակատում: Մեր զինվորները փայլուն վերահսկում են իրավիճակը, այնքան փայլուն, որ բնականոն կյանքի ռիթմը չի խաթարվում՛՛:
Վերջում գյուղապետը սթափության կոչ արեց. ՛՛Կարծում եմ, որ անհրաժեշտ է դադարեցնել չճշտված տեղեկատվության հեղեղը, քանի որ մեզ՝ սահմանում ապրողներիս ոչ այնքան կրակոցներն են անհանգստացնում, որքան ահաբեկված բարեկամների ամենօրյա զանգերը: Ի վերջո, սահմանագոտու մարդիկ պետք է վստահ լինեն, որ թիկունքը ինքնավստահ է և ոչ խուճապահար, որպեսզի իրենք էլ շարունակեն ամուր կանգնեն սահմանին՛՛: