ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ քննարկվել են առաջնահերթություն հանդիսացող խնդիրները
Международные новостиՀուլիսի 8-9- ին՝ Վարշավայում, կայացավ ՆԱՏՕ-ի 28-րդ գագաթաժողովը: Գագաթաժողովի ընթացքում պարզ դարձան ՆԱՏՕ-ի ու գերտերությունների համար ներկա պահին առաջնահերթություն հանդիսացող խնդիրները:
Գագաթաժողովի քննարկումների կենտրոնում ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններն էին: Դեռ գագաթաժողովի մեկնարկից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության է ձգտում և «սառը պատերազմի» կրկնություն չի ցանկանում: Արդեն գագաթաժողովի ընթացքում Ստոլտենբերգը հայտնել է, որ դաշինքի առաջնորդ երկրները պայմանավորվել են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է հիմնվեն «պաշտպանության և երկխոսության» վրա՝ հավելելով, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն միասնական մոտեցում ունեն Ռուսաստանի նկատմամբ:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներ միասնական են իրենց դիրքորոշման հարցում առ այն, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում «business as usual ռեժիմ» չի կարող լինել, քանի դեռ Մինսկի համաձայնագրի պարտավորություններն իրագործված չեն։
Գագաթաժողովի ընթացքում ուշադրություն է դարձվել նաև ՆԱՏՕ-Վրաստան, և ՆԱՏՕ-Ուկրաինա հարաբերություններին: Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի և Վրաստանի համար և ոչ մի 3-րդ պետություն չի կարող նրանց ապագան որոշել: Իսկ ՆԱՏՕ-ի աշխատանքներն ամփոփող հռչակագրի մեջ նշվում է, որ ՆԱՏՕ-ում հավատում են ամբողջական, ազատ ու խաղաղ Եվրոպային և շարունակելու են աջակցելու Ուկրաինային ու Վրաստանին և օգնել Մոլդովային:
ՆԱՏՕ-ԵՄ հարաբերությունները ևս գագաթաժողովի օրակարգում են եղել: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը 2017-2018թթ. փոխհամաձայնեցված գործողությունների իրականացնելու և անվտանգության ոլորտում համագործակցելու վերաբերյալ «ԵՄ-ՆԱՏՕ ղեկավարների համատեղ հռչակագիր» են ստորագրել:
ՆԱՏՕ գագաթաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաև ԼՂ հակամարտությանը: Ստոլտենբերգը գագաթնաժողովից առաջ ԼՂ հակամարտող բոլոր կողմերին կոչ էր արել նվազեցնել լարվածությունը և ձեռնպահ մնալ բախումներից: Իսկ գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ու քննարկել ԼՂ հակամարտության հիմնախնդիրը: ՆԱՏՕ-ի կողմից ընդունված ամփոփիչ հռչակագրի մեջ նշվում է. «ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը և շարունակում է աջակցել հակամարտությունների՝ միջազգային նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղ կարգավորելու ջանքերին»:
Գագաթաժողովից հետո Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ում կատարված աշխատանքները դրական է որակել: ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա 2017 թվականին Բրյուսելում:
Նարինե Մեհրաբյան