Կոնգրեսում պահանջել են հետաքննել Քլինթոնի հնարավոր սուտը երդում տալուց հետո
Международные новостиԵրկու հանրապետական կոնգրեսական պաշտոնական հարցում են ուղարկել` խնդրելով հետաքննություն անցկացնել, թե արդյոք նախկին պետքարտուղարը, իսկ ներկայումս դեմոկրատներից նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ Հիլարի Քլինթոնը կեղծ վկայություն է տվել, երբ Կոնգրեսի կոմիտեի առաջ ցուցմունք էր տալիս անձնական փոստային սերվերի օգտագործման վերաբերյալ, գրում է The Washington Post-ը:
Ուղերձը հասցեագրված է շրջանային դատախազ Չեննինգ Ֆիլիփսին, պատճենն ուղարկվել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետտ Լինչին եւ ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Կոմիին:
Նամակի հեղինակներ Ջեյսոն Չաֆֆետեն Յուտայի նահանգից եւ Բոբ Գութլեյթը Վիրջինիայից պնդում են, որ հետաքննության ընթացքում ՀԴԲ-ի հավաքած փաստերն ուղղակիորեն հակասում են որոշ ցուցմունքների, որոնք Քլինթոնը տվել է երդում տալուց հետո:
Այդ կապակցությամբ հանրապետականները դաշնային իշխանություններին առաջարկում են հետաքննություն անցկացնել եւ պարզել, թե արժե արդյոք Քլինթոնի նկատմամբ դատական հետապնդում սկսել Կոնգրեսում սուտ տեղեկություններ տալն արգելող որոշումը խախտելու համար: